Թուրքիան շարունակում է իր ռազմավարական նպատակը համարել Եվրամիությանն անդամակցելը և կառույցից հստակ քայլեր է ակնկալում ԵՄ լիիրավ անդամակցության համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Անկարայում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը:
«Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ում։ Եվրամիությանն անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը։ Պատերազմի բացասական գլոբալ հետևանքները ցույց տվեցին Թուրքիայի ռազմավարական նշանակությունը նաև Եվրամիության համար, հատկապես՝ անվտանգության և էներգետիկայի ոլորտներում։ Ես ակնկալում եմ, որ ԵՄ-ն ձեռնարկի հստակ և նշանակալի քայլեր՝ հիմնված մեր լիիրավ անդամակցության հեռանկարի վրա»,- ընդգծել է Էրդողանը։
Թուրքիան 1964 թ.-ից ԵՄ ասոցացված անդամ է, իսկ անդամակցելու հայտը ներկայացրել է 1987 թ.։ Անդամակցության շուրջ բանակցային գործընթացը սկսվել է 2005 թ., սակայն 2017 թ. հուլիսի 6-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով ԵՄ անդամներին և Եվրահանձնաժողովին կոչ է արել՝ դադարեցնելու այդ բանակցությունները: Վերջին չորս տարիներին Բրյուսելը և Եվրամիության անդամ երկրները բազմիցս հայտարարել են, որ Թուրքիայի գործողությունները վերջինիս հեռացնում են եվրոպական հանրույթից: