Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների արդարադատության նախարարների միջև ստորագրվել է 2022-2023թվականների համագործակցության հուշագիր: ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարների միջև տեղի է ունեցել արդարադատության համակարգի թվայնացման վերաբերյալ փորձի փոխանակում:
Քննարկվել է երկու երկրների միջև միասնական էլեկտրոնային հարթակ ստեղծելու գաղափարը, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև վեճերի այլընտրանքային լուծման, անվճար իրավաբանական օգնության տրամադրման, փորձաքննությունների իրականացման ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր:
Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն առաջացնող հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին Կոնստանտին Չույչենկոն ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հրավիրել է Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին, որը տեղի կունենա սույն թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ը՝ Սանկտ Պետերբուրգում: