ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի առաջխաղացմանը։ Այդ մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում՝ շարունակելու ակտիվացնել իրենց դիվանագիտական փոխգործակցությունը և օգտագործելու ուղղակի փոխգործակցության գոյություն ունեցող մեխանիզմները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի համապարփակ լուծումներ գտնելու և խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքման միջոցով հարաբերությունները կարգավորելու համար»,- նշել է դիվանագետը:
Անդրադառնալով այդ գործընթացներում Վաշինգտոնի դերին՝ Փրայսն ընդգծել է. «Մենք, ինչպես նախկինում, պատրաստ ենք օգնել Հայաստանին ու Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Ուստի երբ մենք խոսում ենք գոյություն ունեցող մեխանիզմների մասին, ԵԱՀԿ Մինսկի խումբն, իհարկե, դրա մի մասն է»։