Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպմանը ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրուլլահ Խադեմին հայտնել է երկու երկրի միջև հաղորդակցության նոր միջանցքն ավարտելու նպատակով տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման հարցում Հայաստանի հետ համագործակցելու Իրանի պատրաստակամությունը:
Անդրադառնալով հատկապես տրանսպորտի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար անցած տարի Հայաստան կատարած իր այցին՝ Խադեմին ասել է, որ Իրանը ձգտում է ընդլայնելու իր տարանցիկ առավելությունները՝ կառուցելով նոր միջազգային ուղիներ:
Այդ նպատակով կառուցվել կամ կառուցվում են նոր ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային երթուղիներ, որոնք հեշտացնում են Իրանի հասանելիությունը Հյուսիս-հարավ միջանցքին և եվրոպական երկրներին, նվազեցնելով փոխադրման ժամանակը և, հետևաբար, տրանսպորտային ծախսերը:
Իրանում ՀՀ դեսպանությունից տեղեկացրել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է տրանսպորտի ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու հարցը, մասնավորապես՝ իրանական ընկերությունների մասնակցությունը Հյուսիս-հարավ մայրուղու՝ Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին: