Վահե Պետրոսյան (Կառուցապատողների ասոցիացիայի խորհրդի անդամ) - Քանի որ շենքը նույնն է, կոնստրուկցիան, ճարտարապետական լուծումները, աբլիցովկան, տանիքը, լիֆտերը, ստիպված ենք ամեն անգամ պրոցեդուրան անցնենք: Իրավակարգավորումը կօգնի 0-ից չանենք համաձայնեցման ընթացակարգը:
Քաղաքաշինության մասին օրենքի՝ մարտին արված լրացումները հեշտացրել են կառուցապատողների գործը, պարզեցրել՝ տիպային շենքերի շինթույլտվությունների ընթացակարգը: Օրինակելի նախագծերը կկիրառվեն բազմակի: Դա արդյունավետ է հատկապես հիմա, երբ պետությունը սկսել է կրթական օբյեկտների լայնածավալ շինարարություն:
Դավիթ Գրիգորյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - Մենք կկարողանանք խնայել թանկագին ժամանակը: Երբ ունենք հաջող, օրինակելի նախագիծ, դա հաստատում ենք մեր ցանկում, քաղաքաշինական թույլտվություններ ենք թեթևացնում, ֆինանսական միջոցներ տնտեսում:
Եթե շենքի նախագծման համար ծախսվում է, օրինակ, 25 միլիոն դրամ, հաջողված նախագծերի տեղայնացման դեպքում կծախսվի ընդամենը 8 միլիոն: Նախագծման ժամկետը մոտ հինգ անգամ կկրճատվի: Ամեն անգամ տեխնիկական առաջադրանք մշակելու անհրաժեշտություն չի լինի: Կրթական հաստատության պատրաստի նախագիծը կոմիտեն արդեն կկիրառի 7 տարբեր համայքնում:
Դավիթ Գրիգորյան - Մինչ այս լրացումը, չէինք կարողանում ծրագրի բյուջեն հաստատել, քանի դեռ չունեինք փորձաքննության նախագիծ, այս լրացումը թույլ է տալիս այդ նախագծով մեր ծրագրի բյուջեն հաստատել, մեր ծրագրերն արագ իրականացնել:
Օրենքի ընդունումից առաջ Քաղաքաշինության կոմիտեն հաստատել էր բազմակի կիրառելի, օրինակելի նախագծերի ցանկ՝ ներառելով կառուցվող կրթական, առողջապահական շենքեր: Նախագիծն, ըստ Գրիգորյանի, քննարկել են նաև մասնավորի հետ, լրացրել օրինագիծը առաջինից երկրորդ ընթերցում. առանձնացվել են պետգնումներով և մասնավոր ծրագրերը:
Դավիթ Գրիգորյան - Մասնավորի համար սահմանեցինք, որ նախագիծը կարող է ներառված չլինել ցանկում, ինքը ևս կարող է օգտվել, կկարողանան օգտվել, մեկ անգամ հաստատված նախագծով կառուցել շենքեր, վերգետնյա մասն առանց փորձաքննության, կպատվիրեն, կիրականացնեն միայն տեղակապման նախագիծը: Հաշվի ենք առել հեղինակային իրավունքը, նախագծողը ի սկզբանե անպայման պետք է նշել, որ տվյալ նախագիծը կարող է հանդիսանալ բազմակի կիրառման նախագիծ:
Կառուցապատող ընկերության ղեկավարի խոսքով՝ նոր իրավակարգավորումն էապես հեշտացնում է մատչելի բնակարանաշինությունը:
Վահե Պետրոսյան - Շատ կարևոր է. փոփոխվող քաղաքաշինական դինամիկայի ժամանակ մենակ օրերի խնայողութունը չէ, արտարժութային ռիսկեր են փոխվում, ինֆլյացիայի դարաշրջանում ենք գտնվում գնաճի, ավելի հեշտ է կանխատեսել շինանյութի գները: Գնաճի կանխատեսման մասով է էապես ռիսկերը նվազեցնում, բոլոր առումներով դրական ազդեցություն է ունենալու ինքնարժեքի վրա:
Կոմիտեն արձանագրել է՝ քաղաքաշինական ծրագրերի մեծ պահանջարկի դեպքում տիպային նախագծերի կիրառումը տնտեսապես շահավետ և նպատակահարմար գործընթաց է: Ընդհանուր առմամբ՝ ակնկալում են նախագծային աշխատանքների ծախսերի և ժամանակի 70 տոկոս տնտեսում: