Մոսկվայի «Հայկական» կոչվող նրբանցքի պատմությունը 200 տարուց ավելի է՝ առնչություն ունի հայերի հետ։ Այն մայրաքաղաքի եզակի վայրերից է, որը չի տուժել 1812 թվականի խոշորագույն հրդեհից, իսկ փրկության գործում առանցքային դեր է խաղացել Նապոլեոնի հայազգի թիկնապահ Ռուստամ Ռազան։ Այս վայրը հատուկ դեր է ստացել XVIII դարի կեսերին՝ Լազարյանների ընտանիքի հաստատվելուց հետո: Այժմ Լազարյանների տանը Հայաստանի դեսպանությունն է, որտեղ գործում է նաև մեծ մշակութային կենտրոնը: 1953-ից փակված կենտրոնն այս տարի նշում է վերաբացման 4-ամյակը:
Վլադիմիր Գաբբե (ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կնետրոնի ղեկավար) - Մշակութային կենտրոնի և նրա գաղափարախոսության ամենագլխավոր բաղադրիչը ոչ միայն մեր ինքնության պահպանումն է իր պատմական հայրենիքից դուրս, մեր երիտասարդության զարգացումը, այլ նաև հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդումը: Այսօր մենք կարող ենք առավել վառ, առավել արժանապատիվ ներկայացնել մեր հարուստ մշակույթն ու պատմությունը ոչ միայն հայերին և հայկական սփյուռքին, այլև ամբողջ աշխարհին:
Դիվանագիտական ներկայացուցչության մշակութային կենտրոնի վերածննդի օրվան նվիրված հանդիսավոր երեկոն սկսվեց կենտրոնի պատմության և գործունեության մասին տեսանյութի ցուցադրությամբ: Ողջույնի խոսքում Ռուսաստանում Հայաստանի դեսպանն ընդգծեց կենտրոնի կարևորությունը, որի գործունեությունն ուղղված է Ռուսաստանում հայկական մշակույթի հանրահռչակմանը:
Վաղարշակ Հարությունյան (ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Ունենք նաև ծրագիր, որ այս մշակութային կենտրոնը տեղափոխենք Ռուսաստանի տարբեր համայնքներ։
Պարի, երգի ու լեզվի ուսուցման միջոցով հայերը հայրենիքը ճանաչելու, նրա հետ կապ հաստատելու հնարավորություն են ստանում: Գործում է նաև վերջերս բացված հայագիտության ամբիոնը: Այստեղ ոչ միայն սերտում, այլև երգում ու սիրում են հայերեն:
Հայ-ռուսական մշակութային դիվանագիտությունը թեև հին ավանդույթ է, բայց ներկայումս վերածնված, ինչն արվեստի լեզվով երկխոսելու նոր հնարավորություններ է ընձեռում: Տուրգենև, Ստանիսլավսկի, Սվետլով. այստեղ մշակույթ են կերտել ոչ միայն հայերը: Հին ավանդույթների վերականգնումը ոգևորում է նաև ռուս մշակութային գործիչներին:
Անդրեյ Կոլոտուշկին (դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ) - Առաջին անգամ եմ այստեղ ու պարզապես զարմանում եմ, թե ինչ ջերմությամբ, ինչ սիրով են մարդիկ պահպանում իրենց արմատները, և հպարտանում եմ, որ Ռուսաստանն ու Հայաստանը երկու մեծ բարեկամ ժողովուրդներր են, որոնց ավելի է մերձեցնում մշակույթը:
Դավիթ Մնացականյան (դիվանագետ, կոմպոզիտոր) - Այսօրվա երեկոն ինձ համոզեց, որ մշակույթը՝ ավելի լայն առումով, և հատկապես՝ երաժշտությունը, երբեմն լավագույն դիվանագիտությունն են՝ տարբեր մշակույթների ափերը միացնող ամուր կամուրջ, իսկ այժմյան անհանգիստ ժամանակներում՝ նույնիսկ լավ թերապիա։ Ես դա ասում եմ որպես դիվանագետ և կոմպոզիտոր:
Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությանբ կենտրոնը պատրաստվում է մեծ «Հայաստան-Ռուսաստան» ֆորումին: Համաժողովի նպատակն է միավորել պատմության, գիտության և մշակույթի լավագույն գործիչներին, որոնք ստեղծագործում են Ռուսաստանում և հետաքրքրված են Հայաստանի պատմությամբ ու մշակույթով, իրենց ուրույն ներդրումն են ունեցել Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման գործում: