Ուկրաինայի կառավարությունն ամբողջությամբ լրացրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հարցաշարը՝ գրում է DW-ն:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է. «Նախագահը խոստացել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին, երբ նա ապրիլի 9-ին այցելեց Ուկրաինա, և ուկրաինական կողմը մեկ շաբաթվա ընթացքում լրացրեց հարցաթերթիկը»:
Ժովկվան հավելել է, որ փաստաթուղթը ստանալուց հետո Եվրահանձնաժողովը պետք է հանձնարարական պատրաստի՝ Ուկրաինայի կողմից ԵՄ-ին միանալու չափանիշների կատարման վերաբերյալ։ «Մենք ակնկալում ենք, որ մեր ներկայացրած տեղեկատվության հիման վրա նման հանձնարարականը դրական կլինի, այնուհետև գնդակը կլինի ԵՄ անդամ երկրների դաշտում»,- ասել է ուկրաինացի դիվանագետը։
Նրա խոսքով՝ Կիևն ակնկալում է, որ Ուկրաինան ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ կստանա հունիսին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում: