ՄՈՍԿՎԱՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
Ուկրաինական կողմը Մոսկվայի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հարցում կայուն չէ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
«Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, այն ընթանում է ըստ ժամանակացույցի։ Միժամանակ, ռուս-ուկրաինական բանակցությունների շրջանակում չեն դադարում փորձագիտական մակարդակով շփումները։ Ցավոք, ուկրաինական կողմը հաճախ փոխում է դիրքորոշումը։ Առաջընթացի դինամիկան այնքան էլ լավը չէ»,- ընդգծել է Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ պաշտոնական Մոսկվան դեռևս չի ցանկանում հանրայնացնել Կիևի հետ բանակցություններում քննարկվող հարցերը։
Պեսկովը խոսել է նաև Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների մասին, հայտնել՝ կառավարությունը մշակում է Մոսկվայի պատասխան միջոցները, որոնք կբխեն Ռուսաստանի շահերից։
ՍԵՐԲԻԱՆ ՉԻ ԽԶԻ ԿԱՊԵՐԸ ՌԴ-Ի ՀԵՏ
Սերբիան չի միանա հակառուսական պատժամիջոցներին, հայտարարել է նախագահը։
«Դրանք կիրառելն անբարոյական է, ավելին՝ անարդյունավետ: Ռուսաստանը միշտ աջակցել է մեզ տարածքային ամբողջականության հարցում»,- ասել է Ալեքսանդր Վուչիչը։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Սերբիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն կշարունակի բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի հետ։
ԱՎՍՏՐԻԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՑ ԿԱՆԿԱԽԱՆԱ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐՈՒՑ
Ավստրիան, հավանաբար, կկարողանա անկախանալ ռուսական գազից միայն մի քանի տարուց՝ հայտարարել է կանցլեր Կարլ Նեհամերը։
«Դա ժամանակ կպահանջի, քանի որ մենք 80 տոկոսով կախված ենք ռուսական գազից, Գերմանիայում էլ է նման իրավիճակ»,- նշել է պաշտոնյան, ընդգծել՝ Ավստրիան այլընտրանքային տարբերակներ է փնտրում։
Նեհամերը հայտնել է նաև, որ Արևմուտքը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ, որոնք, նրա խոսքով, ավելի մտածված կլինեն և կվնասեն Մոսկվային, ոչ թե Եվրոպային։
Կանցլերն անդրադարձել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության հարցին, նշել՝ այդ հարցի շուրջ լուրջ քննարկում կարող է սկսվել միայն երբ երկիրը վերականգնվի։
Ուկրաինան լրացրել է Եվրամիության փոխանցած հարցաշարը, որը թույլ կտա Եվրահանձնաժողովին՝ ԵՄ խորհրդին առաջարկել քննարկել կառույցին երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Կիևը հուսով է՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալ հունիսին։
ԹԲԻԼԻՍԻՆ ՉԻ ՕԳՆԻ ՄՈՍԿՎԱՅԻՆ
Վրաստանի խորհրդարանի նախագահը ապրիլի 16-ին Ուկրաինա կատարած այցից հետո հերթական անգամ հաստատել է, որ Թբիլիսին չի օգնի Մոսկվային՝ շրջանցել հակառուսական պատժամիջոցները։
«Մենք հասկանում ենք՝ որ կողմում ենք, Ուկրաինայի, Եվրամիության և ամբողջ աշխարհի հետ ենք»,- նշել է Շալվա Պապուաշվիլին։
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ հանդիպումից հետո վրացի պաշտոնյան հայտարարել է, որ Կիևի և Թբիլիսի հարաբերություններում «ամեն ինչ վերջնականապես պարզվեց»։
ԹՈՒՐՔԻԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ ՔՐԴԵՐԻ ԴԵՄ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր ռազմական գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։ Վերջին տվյալով՝ չեզոքացվել է կուսակցության շուրջ 20 անդամ։
«Թուրք զինվորականները շարունակում են հաջողությամբ իրականացնել իրենց խնդիրները։ Ռազմական գործողության հիմնական նպատակն է կանխել ահաբեկչական հարձակումները Իրաքի հյուսիսում և ապահովել սահմանների անվտանգությունը»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
1984 թվականից Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները զինված պայքար են մղում Թուրքիայում՝ քրդերի քաղաքական իրավունքների պաշտպանության և ինքնավարության հաստատման համար։
Թուրքական կողմը հրթիռակոծել է նաև Սիրիայի Հասեքե նահանգի հյուսիսային տարածքները։ Վնասվել են բնակելի շենքեր, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ։