Համացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ՝ իբր, պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու պատճառով ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը, և նա տուգանվել է որոշակի գումարի չափով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածին (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը)։
«Հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։
Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում։
ՀՀ ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը և համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը (cache) և դիտարկչի հավելումները (extension) կամ դիմել համակարգչային մասնագետի։
Այն քաղաքացիները, որոնք տուժել են խարդախների գործողություններից, կարող են դիմել ոստիկանություն»,- գրել է Ջանոյանը։