Հողի խոնավաչափ նոր սարքը ստեղծել են Սուրենը, Հարությունն ու Յուրան: Այս սարքով հնարավոր է խնայել նույնիսկ կաթիլային ոռոգման համակարգի ջուրը: Գաղափարը խողովակ արտադրող ընկերության ջրամատակարարման համակարգի մոնտաժող Հարություն Բոյաջյանինն էր:
Հարություն Բոյաջյան (խողովակներ արտադրող ընկերության ջրամատակարարման մոնտաժային աշխատանքների ղեկավար) - Խոնավաչափի գաղափարը ծագեց, երբ մեր ընկերություն եկավ հաճախորդ, որն ուզում էր ունենալ ավտոմատիկա այգու համար:
Շուկայում առկա սարքերը ծրագրավորման միջոցով կարող են աշխատել սահմանված օրերի ու ժամերի պարբերականությամբ: Տղաների ստեղծածն ինքնուրույն է որոշում հողի խոնավությունն ու ջերմաստիճանը, իրենց իսկ ստեղծած ծրագրի միջոցով էլ կարող է որոշել՝ երբ, որքան ջուր մատակարարել այգու բույսերին:
Սուրեն Պողոսյան (ծրագրավորող) - Բացի խոնավությունից՝ ցույց է տալիս նաև ջերմությունը, որը կարող ենք օգտագործել տարբեր նպատակներով, որպեսզի նաև ավելի օպտիմալ լինի, հողի ջերմաստիճանի հետ կապված տարբեր ռեժիմներով ջրվի այգին:
Տղաները հաշվել են՝ մեկ ամսից կարող են խոնավաչափի սերիական արտադրություն սկսել: Մեկ հեկտարի հաշվով կաթիլային ավտոմատ նոր ոռոգման համարկարգը կարժենա 500 հազար դրամ: Ոռոգման նոր համակարգը Ագրարային համալսարանում փորձարկման վերջին փուլն է անցնում: Ջրային ռեսուրսների ամբիոնում վստահ են՝ խոնավաչափ սարքը կարելի է այլ նպատակներով ևս օգտագործել: Սարքը տվյալներ է փոխանցում և՛ վայֆայ կապի, և՛ ռադիոկապի միջոցով: Դաշտում աշխատելու է արևային էներգիայով:
Գուրգեն Եղիազարյան (ՀԱԱՀ ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ) - Խոնավության ինֆորմացիայի ստացումը դաշտում օնլայն ձևով, որպեսզի ցանկացած ժամանակ դուք իմանաք՝ ինչ է կատարվում հողի բույսի արմատային համակարգում, էս ինֆորմացիայից բխող մյուս խնդիրները շատ արագ են լուծվում. խոսքը վերաբերում է համակարգի ավտոմատ բացվելուն, փակվելուն:
Սարքի ստեղծումը Ազգային ագրարային համալսարանի և մասնավոր ընկերության համագործակցության արդյունք է՝ ասում է ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Համալսարանի հողային, ջրային ռեսուրսների կառավարման կենտրոնը հենց այն հարթակն է, որտեղ կարող են հանդիպել ուսանողն ու մասնավոր պատվիրատուն:
Վարդան Ուռուտյան (ՀԱԱՀ ռեկտոր) - Երկու տարի առաջ մասնավոր մի ընկերության հետ ստորագրեցինք մի հուշագիր, և այդ այդ ընկերությունը առաջ բերեց այդ նոր պրոդուկտի գաղափարը, որպեսզի և՛ մեր գիտնականները, և՛ իրենց աշխատակիցները ստեղծեն այդ նոր պրոդուկտը, որը ոռոգման համակարգը ավտոմատացման, թվայնացմանն էր ուղղված:
Հայկական խոնավաչափ սարքով հնարավոր է հետևել նաև գրունտային ջրերի տեղաշարժին՝ հնարավորինս կառավարել ջրի կիրառումը: