ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՅՏՆԵԼ Է ՆԱՏՕ-ԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԻՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու և Ղրիմի կարգավիճակի հարցը, բայց միայն երբ դադարեցվեն ռազմական գործողությունները, և ռուսական զորքերը դուրս բերվեն երկրի տարածքից։ Այդ մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Ռուսաստանի հետ հաջող բանակցությունների շանսերը օրեցօր նվազում են։ Ուկրաինան չի կարող զիջել իր տարածքները. բայց երկխոսությունն անհրաժեշտ է։ Եթե նման հնարավորություն լինի՝ կխոսենք, բայց առանց վերջնագրերի։ Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան քիչ մարդ կզոհվի, սակայն Ռուսաստանի հետ մենք դեռ 10 տարի էլ կարող ենք պայքարել»,- ընդգծել է նախագահը։
Զելենսկին նաև կարծիք է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար Ռուսաստանի ղեկավարության հետ մեկից ավելի հանդիպում է անհրաժեշտ։
«Քննարկելու շատ հարցեր կան: Մի քանիսի մասով չեմ կարծում թե մեր տարբերակներն ընդունեն, մենք էլ նրանցը չենք ընդունի»,- նշել է նա, պարզաբանել՝ հարցերից մեկը Դոնբասին է վերաբերում։
Նախագահը հավելել է, որ երկու երկրի միջև բարձր մակարդակով հանդիպում նպատակահարմար կլինի անցկացնել, երբ պարզ դառնա՝ որ երկրներն են պատրաստ հանդես գալ Կիևի անվտանգության երաշխավորի դերում։ Նրա խոսքոց՝ առաջիկա մոտակա 10 օրվա ընթացքում 5-7 երկրից պատասխան կստանան։ Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու պատրաստակամության մասին արդեն հայտնել են Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը։
Վոլոդիմիր Զելենսկին Մոսկվայի հետ բանակցությունների մասին իր հայտարարություններով ցանկանում է ժամանակ շահել՝ միևնույն ժամանակ դիմելով ՆԱՏՕ-ին ռազմական աջակցություն ստանալու համար։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի խոսնակը։
Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքից անհապաղ դուրս բերի զորքերը, եթե մտածում է իր ժողովրդի մասին։
«Զելենսկին նաև պետք է գրավոր ամրագրի Ղրիմի ճանաչման և Ուկրաինայի ոչ դաշինքային կարգավիճակի վերաբերյալ պարտավորությունները»,- հավելել Պետդումայի խոսնակը։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԼՐԱՑՐԵԼ Է ԵՄ ՀԱՐՑԱՇԱՐԸ
Ուկրաինան լրացրել է Եվրամիության փոխանցած հարցաշարը, որը թույլ կտա Եվրահանձնաժողովին առաջարկել ԵՄ խորհրդին քննարկել կառույցին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
«Եվրահանձնաժողովը կվերլուծի՝ արդյոք Կիևը համապատասխանում է անդամակցության կոպենհագենյան չափանիշներին, այնուհետև համապատասխան հանձնարարական կպատրաստի, առանց դրա մեզ ոչ ոք ԵՄ չի ընդունի»,- նշել է նա։
Պաշտոնյան հավելել է՝ Ուկրաինան հուսով է ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալ հունիսին։
ՌԴ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Եվրահանձնաժողովի նախագահը դիմել է Եվրամիության երկրներին՝ Ուկրաինային հնարավորինս արագ զենք տրամադրելու կոչով։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծիք է հայտնել, որ ռազմական գործողությունները կարող են շարունակվել ամիսներ, նույնիսկ՝ տարիներ։
Նա անդրադարձել է Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին։
«Դրանք ավելի ու ավելի են խարխլում ռուսական տնտեսությունը, դեֆոլտն ընդամենը ժամանակի հարց է», - նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Լայենը նաև հայտարարել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթի շրջանակում դիտարկում է բանկային հատվածն ու էներգետիկայի ոլորտը, ինչպես նաև մեխանիզմներ է մշակում՝ պատժամիջոցների հերթական փաթեթում նաև նավթը ներառելու համար։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահություն է հայտնել, որ Մոսկվան կդիմանա Արևմուտքի հետ առճակատմանը։
«Մենք կարող ենք»,- ասել է նա «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում։
ՌԴ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ԶԵԼԵՆՍԿԻԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Զելենսկու հայտարարությունն այն մասին, թե ռազմական գործողության ընթացքում զոհվել է 2,5-3 հազար ուկրաինացի զինվորական, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Միայն Մարիուպոլում սպանվել է ավելի քան 4 հազար ուկրաինացի զինծառայող։ Կենդանի ուժի կորուստն, ընդհանուր առմամբ, կազմել է 23.000-ից ավելի մարդ։ Մարիուպոլի քաղաքային տարածքն ամբողջությամբ մաքրվել է Ազովի զինյալներից, օտարերկրյա վարձկաններից և Ուկրաինայի զինված ուժերից»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Ուկրաինական կողմի տվյալով՝ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում է Խարկովի մասնակի շրջափակումը և Մարիուպոլ քաղաքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն հաստատելու փորձերը։ Նշվում է, որ ռուսական կողմը գործողություններ է իրականացնում Խերսոնի շրջանի վարչական սահմաններ մուտք գործելու համար։