Ռիսկային-ոչ ռիսկային ծրագիրը բիզնեսները գնահատել է, տվյալ դեպքում, համեմատելով նրանց վերջին երեք տարվա ծախսերը ստացած եկամտի հետ։ Պարզվում է՝ հարկայինը նման մոդուլների միջոցով է կարողանում, տնտեսվարողին չայցելելով, իր մոտ եղած ցուցանիշների հիման վրա կասկածելի փաստեր գտնել։ Այս աղյուսակում էլ տոնավաճառներում տաղավար ունեցողների ֆինանսական շարժերն են։
Կարինե Մնացականյան (ՀՀ ՊԵԿ Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ) - Oրինակ՝ ռիսկ ենք համարում, որ նրանք ավելի շատ վարձակալական գումարներ են վճարում տոնավաճառի կազմակերպչին, տոնավաճառի տիրոջը, քան հարկ վճարողի ցույց տված իրացման շրջանառությունը:
Եթե առևտրի կետը շուկայի ամենալավ դիրքում է՝ վաճառքը հաստատ մեծ կլիներ, եթե ամիսներ շարունակ ծախսածից շատ վարձ է տալիս ու չի փակվել, ուրեմն գումարներ է թաքցնում։ Նույն տրամաբանությամբ՝ եթե ընկերության գնումը ոչ թե հիմնական միջոց մեքենա է, այլ երեք տարի շարունակ շուտ փչացող սննդամթերք, որը տարօրինակորեն վաճառքներում չի երևում, ուրեմն ստվեր կա։ Մի բան այն չէ նաև, երբ միկրոձեռնարկությունն իր շեմից շատ աշխատավարձի ֆոնդ է ունենում՝ մասնագիտական գաղտնիքներ են բացում ՊԵԿ-ի վերլուծաբանները։
Կարինե Մնացականյան - Չի կարող հարկ վճարողը վճարել ավելի շատ աշխատավարձ, քան իր իրացման շրջանառությունն է:
Նման դեպքերում հարկ վճարողին ծանուցում են ուղարկում՝ առաջարկելով, վարչարարությունից խուսափելու նպատակով, ճշտել ներկայացրած հաշվետվությունները։ Լինում են թերացում-խախտումը և՛ ընդունողներ, և՛ հրաժարվողներ։
Մարիա Քառյան (ՀՀ ՊԵԿ Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակից) - 140 մլն դրամ կամերալ արձանագրություն էր գրվել՝ սննդի ներմուծող կազմակերպություն է՝ կամերալ արձանագրությունը ստանալուց հետո ինքը հաշվարկել է, հայտարարագրել և ամբողջը վճարել:
Բիզնեսի մոտ ստուգման չգնալով՝ միայն հեռակա շփումների հիման վրա իրականացվող կամերալ ուսումնասիրություններով՝ ՊԵԿ-ն այս տարի աննախադեպ մեծ հարկեր է հանել ստվերից, բավական տպավորիչ գումար գանձել բյուջե՝ արձանագրում է կոմիտեի ղեկավարը։
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Առաջին եռամսյակում կամերալ ուսումնաիրություններով հավաքվել է 8,3 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարի նույն եռամսյակի ընթացքում այս թիվը կրկնակի քիչ էր:
Տնտեսվարողին ջլատող կոշտ ստուգումների փոխարեն՝ վարչարարական աննկատ համարվող կամերալ ուսումնասիրությունների բաժինն ավելացնելու համար՝ ՊԵԿ-ը նախորդ տարի մոնիթորինգային լրացուցիչ 20 գործիք է վերանայել, ավելացրել բազաներից ինքնաշխատ գեներացվող հաշվետվությունները՝ բացատրում է Բադասյանը։ Այս ընթացքում նաև օրենսդրական որոշ կարգավորումներ են արել, ինչը ջրի երես է հանել տնտեսվարողների կիրառած ֆինանսական մի հնարք։
Ռուստամ Բադասյան - Տոկոսով սեփական ընկերությանը գումար տալը և եկամտահարկի 10 տոկոսից օգտվելը այն պարագայում, երբ շահութահարկը 18 տոկոս է, և այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնել է լինում, ըստ էության, չարաշահման տեսակ է, ու էդ հարցը ստուգումների ժամանակ բարձրաձայնվում էր:
Հարկերը տարատեսակ սխեմաներով թաքցնել փորձող գերթանկարժեք հաշվապահ-խորհրդատու պահելու փոխարեն՝ հիմա շահեկան է օրինապահ դառնալը՝ գործարարներին խորհուրդ է տալիս Ռուստամ Բադասյանը։ Հենց թեկուզ այն պատճառով, որ պարտաճանաչ հարկատուներին խրախուսում են, իսկ չարաշահումը վաղ թե ուշ հայտնաբերելու են։ Ստվերի կրճատման առումով, ՊԵԿ ղեկավարի բնորոշմամբ, դեռ հսկայական անելիքներ ունեն։
Ռուստամ Բադասյան - Ոլորտներ կան, որ էապես շատ է. օրինակ՝ շինարարութան ոլորտում, կամ կան, որ ՀՆԱ-ում մեծ մաս չեն կազմում. օրինակ՝ շոու բիզնեսը, որտեղ մենք տարիներ շարունակ հարկ վճարելու մշակույթ չձևավորեցինք:
Հարկերից խուսափելու ստանդրատ սխեմա է մնում նաև փոխկապակցված ընկերությունների միջոցով բիզնես անելը․ կամերալ ուսումնասիրության մեկ այլ մոդուլ՝ նույն գործելաոճով նույն ապրանքներ ներմուծող մի քանի կազմակերպության մոտ հայտնաբերել է ընդհանուր մոտ 800 մլն դրամի թերհայտարարագրում։
Գոհար Ղուլյան (ՀՀ ՊԵԿ Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակից) - Ապրանքնատեսակների մասով բաշխում ա իրականացվում՝ հագուստ կլինի, կոշիկ կլինի, աքսեսուրար կլինի, ու նույն մատակարար կազմակերպություններից են ներմուծում իրականացնում, ու նույն կերպ 10 անգամ պակաս են հայտարարագում, ու մեծ թվով հարկման բազա են թաքցնում:
Այս դեպքով՝ ՊԵԿ-ի կասկածներին տնտեսվարողը չի համաձայնվել, հարուցվել է քրեական գործ, փաթեթը փոխանցվել այլ բաժնի։ Կամերալ ուսումնասիրությունների վարչությունում, իրենք (ղեկավարը ժպտում է) բազայում այնքան տվյալներ ունեն, որ նույնականացման ենթակա ռիսկերի պակաս չկա։