1 մլն-ից ավելի բնակչությամբ քաղաքի մաքրությունը ապահովող 300 հավաքարարի թիվը կավելանա ևս 200 ով: Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտնտեսության վարչության պետի պաշտոնակատարի խոսքով՝ մաքրուհիների քանակը չի բավականացնում: Նա դրա համար նշում է 2 պատճառ:
Արսեն Կարոյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնակատար) - Նախ` քաղաքը գնալով աճում է ու մաքրման տարածնքներն են ավելանում, որովհետև ասֆալտապատումն է ավելանում, դրա հետ մեկտեղ մենք ունենք նաև ոչ բարեխիղճ քաղաքացիներ, որոնք պարբերաբար աղտոտում են քաղաքը:
Քաղաքապետարանից նշում են՝ հաշվի առնելով, որ կենտրոնում քաղաքացիների հոսքը նկատելի շատ է, ինչպես նաև զբոսաշրջիկների մեծ ակտիվություն է նկատվում, ավելի շատ մաքրուհիներ կաշխատեն այդ վարչական շրջանում, բայց բաշխումը ընդհանուր առմամբ բոլոր շրջաններում հավասարապես է լինելու:
Արսեն Կարոյանը հորդորում է ավելացվող 200 աշխատատեղի հայտեր ներկայացնել և աջակցել քաղաքի մաքրության խնդրի կարգավորմանը:
Արսեն Կարոյան – Փորձենք սեղմ ժամկետում հավաքագրումը իրականացնել ու ներգրավել մեր փողոցների բակային հատվածներում:
Քաղաքապետարանից վստահեցնում են՝ Երևանը մաքուր պահելու ոչ մի նախաձեռնություն ցանկալի արդյունք չի տա, եթե չլինի յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքը:
Ի դեպ, չնախատեսված վայրերում՝ աղբամաններից դուրս աղբ թափելու դեպքում ֆիզիկական անձանց համար նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով: Արսեն Կարոյանի խոսքով՝ օրենքը խստորեն կիրառելու են:
Արսեն Կարոյան - Պետք է ասեմ մեր բնակիչներին, որ նմանատիպ վարչարարության չենթակվեն ու ավելի խնամքով մոտենան Երևանին: Որպեսզի քաղաքն արթնանալուն պես մաքուր լինի, աշխատանքները սկսվում են վաղ առավոտից:
Հաշվի անելով առկա հնարավորությունը՝ նախ մաքրվում են վարչական շրջանների կենտրոնական, ապա՝ երկրորդական փողոցները,- ասում է Արսեն Կարոյանն ու ավելացնում՝ Երևանի ողջ տարածքից օրական Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում շուրջ 1000-1300 տոննա կենցաղային աղբ: