Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների և Սինգապուրի միջև առևտրային կապերի զարգացման ու տնտեսական համագործակցության խրախուսման համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ:
Այս մասին բարձրաձայնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` քննարկման ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:
Նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 18-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:
Փաստաթղթով նախատեսվում է նաև երկրների միջև վերացնել արգելքներն առևտրի և ներդրումների ոլորտներում, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական գործունեության արդյունավետությունը:
Նախարարի խոսքով` համաձայնագրի վավերացումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթներից:
«ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության վերաբերյալ քննարկումները` միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին և կոոպերացիաների զարգացմանը»,- ընդգծել է Վահան Քերոբյանը:
Փաստաթուղթը ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 1-ին` Երևանում:
Քննարկված համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: