Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու և Ղրիմի կարգավիճակի հարցը, բայց միայն ռուսական զորքերի դուրսբերումից հետո, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Ռուսաստանի հետ հաջող բանակցությունների շանսերը օրեցօր նվազում են։ Ուկրաինան չի կարող զիջել իր տարածքները։ Այնուհանդերձ, երկխոսությունն անհրաժեշտ է, բայց առանց վերջնագրերի։ Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան քիչ մարդ կզոհվի, սակայն Ռուսաստանի հետ մենք դեռ 10 տարի էլ կարող ենք պայքարել»,- ընդգծել է նախագահը։
Զելենսկին նաև հայտնել է, որ բանակցություններում մի շարք հարցերի շուրջ առկա են տարաձայնություններ, դրանցից մեկը, նախագահի խոսքով, վերաբերում է Դոնբասին։
«Բարձր մակարդակով հանդիպում նպատակահարմար կլինի անցկացնել, երբ պարզ դառնա՝ որ երկրներն են պատրաստ հանդես գալ Կիևի անվտանգության երաշխավորի դերում։ Առաջիկա 10 օրվա ընթացքում 5-7 երկրից պատասխան կստանանք»,- նշել է նա։
Ուկրաինական կողմը Մոսկվայի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հարցում կայուն չէ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
«Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, այն ընթանում է ըստ ժամանակացույցի։ Միժամանակ, ռուս-ուկրաինական բանակցությունների շրջանակում չեն դադարում փորձագիտական մակարդակով շփումները։ Ցավոք, ուկրաինական կողմը հաճախ փոխում է դիրքորոշումը։ Առաջընթացի դինամիկան այդքան էլ լավը չէ»,- ընդգծել է Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ պաշտոնական Մոսկվան դեռևս չի ցանկանում հանրայնացնել Կիևի հետ բանակցություններում քննարկվող հարցերը։
Եվրահանձնաժողովի նախագահը դիմել է Եվրամիության երկրներին՝ Ուկրաինային հնարավորինս արագ զենք տրամադրելու կոչով։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծիք է հայտնել, որ ռազմական գործողությունները կարող են շարունակվել ամիսներ, նույնիսկ՝ տարիներ։ Նա անդրադարձել է Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին։
«Դրանք ավելի ու ավելի են խարխլում ռուսական տնտեսությունը, դեֆոլտն ընդամենը ժամանակի հարց է»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթի շրջանակում դիտարկում է բանկային հատվածն ու էներգետիկայի ոլորտը, ինչպես նաև մեխանիզմներ է մշակում՝ պատժամիջոցների հերթական փաթեթում նավթը ներառելու համար։ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, հայտարարել է, որ Արևմուտքն իր պատժամիջոցներով չկարողացավ տապալել ռուսական ֆինանսական համակարգը։
«Այդ պատժամիջոցները, ի վերջո, հանգեցրին ԱՄՆ-ում և Եվրոպայում գների աճի և գործազրկության՝ վատթարացնելով տնտեսական իրավիճակը»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
***
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ԵՄ ներկայացուցչության ղեկավարին է փոխանցել կառույցի տրամադրած հարցաշարը։ Սա անհրաժեշտ քայլ է կառույցի անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար՝ հաղորդում են նախագահի գրասենյակից։ Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ Կիևը լրացրել է Եվրամիության հարցաշարը, որը թույլ կտա Եվրահանձնաժողովին առաջարկել ԵՄ խորհրդին քննարկել կառույցին Ուկրաինայի անդամակցության հարցով բանակցություններ սկսելու հարցը։ Երկիրը հուսով է ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալ հունիսին։
Զելենսկու հայտարարությունն այն մասին, թե ռազմական գործողության ընթացքում զոհվել է 2,5-3 հազար ուկրաինացի զինվորական, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Միայն Մարիուպոլում սպանվել է ավելի քան 4 հազար ուկրաինացի զինծառայող։ Կենդանի ուժի կորուստը, ընդհանուր առմամբ, կազմել է 23.000-ից ավելի մարդ։ Մարիուպոլի քաղաքային տարածքն ամբողջությամբ մաքրվել է Ազովի զինյալներից, օտարերկրյա վարձկաններից և Ուկրաինայի զինված ուժերից»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Ուկրաինական կողմի տվյալով՝ Ռուսաստանի զինված ուժերը շարունակել են Խարկովի մասնակի շրջափակումը, Մարիուպոլ քաղաքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն հաստատելու, ինչպես նաև Խերսոնի շրջանի վարչական սահմաններ մուտք գործելու փորձերը։ Նշվում է, որ ռուսական կողմը մի քանի հրթիռային հարվածներ է հասցրել Լվովին։ Մոսկվան ուկրաինական կողմի մեղադրանքներին դեռ չի արձագանքել։
***
Լիբիան ներկայում հնարավորություն չունի ավելացնելու նավթի և գազի մատակարարումների ծավալը Եվրամիություն, հայտարարել է նավթի և գազի նախարար Մուհամմեդ Աունը։
«Այդ գործընթացը պահանջում է նավթարդյունաբերության օբյեկտների արդիականացման ավարտ՝ արդյունավետ կառավարման պայմաններում»,- նշել է նա։
Ավելի վաղ իտալական Eni նավթագազային խումբը հայտնել էր, որ ռուսական նավթին այլընտրանք է փնտրում միջազգային շուկայում, և կասեցրել Ռուսաստանից հում նավթի մատակարարման նոր պայմանագրերի կնքումը։