Անտառապահներին օգնության են գալիս ժամանակակից տեխնոլոգիաները: Հայ ինժեներների ստեղծած համակարգը նախատեսված է անտառների պահպանման և վերահսկման համար։
Ռուբեն Գյոնջյան («Ինստիգեյթ ռոբոտիքս» ընկերության ինժեներական գծով տնօրեն) - Կարողանում է որոշել անտառահատման ձայները, հրդեհի հոտն է զգում, ջերմաստիճան, շարժում, տարբեր բաներ կարող է որոշել և ուղարկել իրավիճակային կենտրոն:
Բուի տեսքով ձայնազգայուն, սենսորային սարքը նախագծվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհով:
Ռուբեն Գյոնջյան - Ծառի վրա է ձգվում, արևային պանելով սնուցվում, հոսանք էլ պետք չի: Մարդու շարժում է ֆիքսում, մոտ հեռավորության թե մինչև 300 մետր հեռավորության վրա մեքենայի շարժում կարող է ֆիքսել:
Սարքը կարող է վերլուծել նույնիսկ օդի որակը: Այն մրցակիցներից տարբերվում է ցածր գնով: Սա ընկերության միակ նորարարությունը չէ, նաև տեղորոշող սարքավորում են ստեղծել:
Անի Ալավերդյան («Ինստիգեյթ ռոբոտիքս» ընկերության ծրագրավորող ինժեներ) - Հնարավորություն է տալիս առանց ՋՊՍ-ի որոշել առարկայի տեղը, հիմնականում օգտագործվում է նավերում:
Սարքը կարող է որոշել նաև որոնվող օբյեկտի հեռավորությունը:
Անի Ալավերդյան - տեղադրված են մեր ռադիոհամակարգերը, նաև հատուկ մոդուլներ են տեղադրված ազդանշանը ֆիլտրելու, զտելու համար, կարողանում ենք նաև որակը լավացնել: Սարքավորումը փորձարկվել է 5 կմ հեռավորության վրա:
Նախագծի վրա աշխատել են երեք տարի: Փորձարկվել է Սևանա լճում, այժմ այն կիրառում է Սինգապուրի ծովային ոստիկանությունը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան