ԳԵՐՄԱՆԻԱ
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԳՈՐԻԼԱՆ ՆՇԵԼ Է ԾՆՆԴՅԱՆ 65-ԱՄՅԱԿԸ
Բեռլինի կենդանաբանական այգում ապրող աշխարհի ամենատարեց գորիլան` Ֆաթուն, նշել է իր ծննդյան 65-ամյակը: Եղանակը բավականին բարենպաստ է եղել՝ մեղմ գարնանային:
Բեռլինի կենդանաբանական այգում վստահեցնում են, որ արևմտյան հարթավայրային գորիլայի` նման տարիքի հասնելը կարելի է լեգենդ համարել:
Քրիստիան Օսթ (Բեռլինի կենդանաբանական այգու աշխատակից) - Վայրի բնության մեջ ապրող գորիլաների կյանքի տևողությունը մոտ 40 տարի է, իսկ 65 տարեկանում նա համարվում է աշխարհի ամենատարեց գորիլան: 65-ն արտասովոր տարիք է գորիլայի համար, ուստի այն պետք է հավուր պատշաճի նշել:
Ֆաթուն մեծ հաճույքով վայելել է իր ծննդյան տորթը, որը պատրաստված է խաշած բրնձից, կաթնաշոռից, բանջարեղենից, ազնվամորուց ու հապալասից:
Արևմտյան հարթավայրային գորիլաները կանգնած են անհետացման վտանգի առջև, քանի որ նրանց բնական միջավայրը շարունակաբար ոչնչացվել է:
Գնալով ավելի քիչ կենդանիներ են այժմ ապրում Կամերունի, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության, Գաբոնի և Կոնգոյի Հանրապետության արևադարձային անտառներում: Գորիլաներն ամենամեծ պրիմատներն են համարվում: Հասուն տարիքում նրանց քաշը հասնում է մինչև 200 կիլոգրամի: Օրական կարող են 15-20 կիլոգրամ տերև, խոտ, կեղև ու պտուղ ուտել:
ՊԱՂԵՍՏԻՆ
ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԻՆԸ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ
Նա փայլում է երաժշտություն դասավանդելիս, թեև չի կարողանում լսել ռիթմը: 38-ամյա Հալիմե Սարաբթահը, որը ծնվել է լսողության խնդրով, երաժշտական թերապևտ է: Նա դասավանդում է լսողության խնդիրներ ունեցող երեխաներին։
Պաղեստինցի կինն ասում է, որ իր երաժշտական գործունեությունը սկսել է մոտ տասը տարի առաջ: Սկզբում մի փոքր թերահավատ է եղել, սակայն հետագայում տեսել է այն հսկայական օգուտը, որ երաժշտական թերապիան կարող է բերել ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց:
Հալիմե Սարաբթահ (երաժշտական թերապեվպ) - Սկզբում ինձ համար շատ դժվար էր. ինչպե՞ս կարելի է երաժշտություն սովորեցնել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց: Հետո մի շատ կարևոր բան հասկացա՝ երաժշտություն սովորեցնելու նպատակն է օգնել երեխաներին ինքնարտահայտվելու:
Լսողության խնդիրներ ունեցող շատ մարդիկ հաջողությամբ մասնակցել են գործիքային երաժշտության ծրագրերին վերջին 100 տարվա ընթացքում, սակայն Պաղեստինում այդ փորձն այնքան էլ տարածված չէ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ երաժշտական թերապիան օգնում է լսողության խնդիրներ ունեցողներին զարգացնելու իրենց հաղորդակցման հմտությունները:
ԱՄՆ
ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ ԿՈՒՐՏ ՔՈԲԵՅՆԻ ԿԱՊՈՒՅՏ ԿԻԹԱՌԸ
Սպասվում է, որ Կուրտ Քոբեյնի խորհրդանշական կապույտ կիթառը, որը նկարահանվել է «Նիրվանայի» անցած դարի 90-ականների հայտնի Smells Like Teen Spirit` «Դեռահասի հոգու բույր ունի» կոչվող տեսահոլովակում, մինչև 800.000 դոլարով կվաճառվի հաջորդ ամիս կայանալիք աճուրդում:
Smells Like Teen Spirit-ը YouTube-ում հավաքել է ավելի քան 1,4 միլիարդ դիտում, ահա թե ինչու 1969 թվականի կապույտ Fender կիթառը մեծ աստղ է դարձել ռոքի աշխարհում:
Մարտին Նոլան (Julien’s աճուրդի տան գործադիր տնօրեն) - Սա ամենահայտնի կիթառներից մեկն է, որը երբևէ հայտնվել է աճուրդում: Սա կապույտ Mustang Fender կիթառն է՝ Կուրտ Քոբեյնի բոլոր ժամանակների սիրելի կիթառներից մեկը: Եվ, իհարկե, սա այն կիթառն է, որը Կուրտ Քոբեյնը հայտնի դարձրեց Smells like Teen Spirit տեսահոլովակում դեռ 1991 թվականին:
Կիթառը մեծ վաճառքի է հանվում օրիգինալ պատյանով և կիթառի ժապավենով, ինչն անչափ կարևոր է հավաքորդների համար: Այս անգին գանձն ընտանիքի անդամների հետ է եղել Կուրտի մահից ի վեր: Աճուրդը կանցկացվի մայիսի 20-22-ը Նյու Յորքում, առկա և առցանց տարբերակներով:
ԳԵՐՄԱՆԻԱ
ԲԵՌԼԻՆՑԻՆԵՐԸ ԲԱՑԵԼ ԵՆ ԲԱՑՕԹՅԱ ԼՈՂԻ ՍԵԶՈՆԸ
Ավանդույթի համաձայն, անկախ եղանակային պայմաններից, Բեռլինի Վանզե լճում Ավագ ուրբաթ բացօթյա լող է անցկացվել: Այս տարի ջրի ջերմաստիճանը տատանվել է 6, իսկ օդինը՝ 11 աստիճան ցելսիուսի սահմաններում: Ահա թե ինչու լիճը սուզվելու համար ամուր նյարդեր են պահանջվել:
Բլանշ Դևադեր (լողի մասնակից) - Սկզբում մենք այստեղ մի գեղեցիկ սառը լոգանք ընդունեցինք, ինչպես որ պետք է լիներ, և հետո մեզ թույլ տվեցին մտնել սաունա: Ուղղակի հիանալի էր:
Եվ չնայած բավականին ցուրտ է եղել, լողի մասնակիցները վստահեցրել են, որ մեծ բավականություն են ստացել: Այս խելահեղ, բայց նաև առողջարար ավանդույթը երկու տարի անընդմեջ չի անցկացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով և այս տարի, կարծես, վերածնվել է: Այդ առիթով լճի ափ են եկել Blue Man խմբի անդամները՝ լողի մասնակիցներին քաջալերելու նպատակով:
Առաջին տասը հոգին, որոնք համարձակվել են ջուրը մտնել, Blue Man-ի առաջիկա շոուի անվճար տոմսեր են ստացել:
ՇՎԵՅՑԱՐԻԱ
ՉԻՆԱՑԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ 3454 Մ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՄԲ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻՆ
Չինացի դաշնակահար Լանգ Լանգը ելույթ է ունեցել Եվրոպայի ամենաբարձր երկաթուղային կայարանում՝ շվեյցարական Յանգֆրայեքում, որը գտնվում է ծովի մակերևույթից 3454 մետր բարձրության վրա:
39-ամյա արտիստը լեռան վրա տեղադրված հսկա դաշնամուր է նվագել: Ութ րոպե տևած համերգային ծրագրում ներառված է եղել երեք ստեղծագործություն: Դաշնակահարը խոստովանել է, որ կյանքում առաջին անգամ է ելույթ ունեցել ձյան վրա:
Լանգ Լանգ (դաշնակահար) - Սիրտս սովորականից մի փոքր ավելի արագ էր բաբախում, բայց լավ էր: Մեծ բավականություն ստացա, ինձ հիանալի եմ զգում:
Չինացի դաշնակահարի համար փորձությունն այդքանով չի ավարտվել. նա նաև ձյունածածկ լեռների միջով սլացող գնացք է նստել:
ՍԻՐԻԱ
ԱՂԱՎՆԻՆԵՐԻ ՔԱՆԴԱԿՆԵՐ՝ ՀԻՆ ԴԱՄԱՍԿՈՍԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ
Սիրիացի մի արվեստագետ 2010 թվականին երազում էր օգտագործել աղավնիների քանդակներն իր արվեստում և ցուցադրել դրանք Դամասկոսի գլխավոր կամրջի վրա՝ խաղաղության ուղերձ հղելու նպատակով:
Բութաինա Ալին այն ժամանակ հավաքել էր 15000 փոքր քանդակ, որոնք արվեստը դուրս կբերեին փողոց՝ պատկերասրահների պատերից հեռու:
Սակայն Ալիի երազանքներն ի չիք դարձան, երբ 2011 թվականին Սիրիայում բռնկվեց քաղաքացիական պատերազմը։
Եվ այսօր՝ 11 տարի անց, Ալին այս գործում ներգրավել է կերպարվեստի ֆակուլտետի 15 նորավարտ ուսանողի, որոնց օգնությամբ կյանքի է կոչել «Ժուկով-ժամանակով... պատուհան» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Այժմ փոքր սպիտակ քանդակները դրված են Դամասկոսի հին քաղաքի ծառուղիներում և տների բակերում, որտեղ այցելուները կարող են շրջել և տեսնել աղավնիներին, որոնցից յուրաքանչյուրն այնպես է կախված, որ կարողանա որոշակի ուղերձ հղել մարդկանց:
Այն գաղափարը, որը ժամանակին հույսի և գեղեցկության ուղերձ էր կրում, այժմ պարունակում է նաև իր ստեղծողների վախերը, նրանց, ովքեր իրենց կյանքի ավելի քան մեկ տասնամյակն ապրել են պատերազմի պայմաններում:
Բույնը, որում աղավնիներն ասես թակարդում լինեն, ըստ արվեստագետ Լիլաս ալ Մալլայի, խորհրդանշում է քաղաքացիական պատերազմից և տնտեսական ճգնաժամից բզկտված երկրում մնալու իր մտավախությունները:
Լիլաս Ալ Մալլա (սիրիացի արվեստագետ) - Իմ երկիրն առաջվա պես ջերմ չէ, նախկինի պես ապահով չէ։ Ես սկսեցի զգալ, որ եթե չհեռանամ, կխրվեմ այստեղ:
Այս ցուցահանդեսը կյանքի կոչելու համար արվեստագետներն աղավնիների 3 հազար քանդակ են օգտագործել՝ նախկինում՝ նախքան պատերազմը, նախատեսվածից հինգ անգամ պակաս:
ԳԱՆԱ
ԳԱՆԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ԱՊԱԿՈՒ ԹԱՓՈՆՆԵՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ
Մայքլ Տետեն Գանայում ապրող միակ պրոֆեսիոնալ ապակեգործն է: 44-ամյա տղամարդը, որը մասնագիտության բերումով ձեռքերին բազմաթիվ վնասվածքներ է ստացել, 1500 աստիճանում շիկացնում է ապակին և արվեստի բացառիկ գործեր ստեղծում:
Հեռուստացույցի էկրանը կամ զովացուցիչ ըմպելիքի ապակե շիշը նրա հմուտ ձեռքերում վերածվում են հրաշալի ծաղկամանների: Պատրաստում է ինչպես պարզ, թափանցիկ, այնպես էլ գունագեղ ծաղկամաններ: Ընդ որում, գույների շատ հետաքրքիր խառնուրդներ ու համադրություններ է ստանում:
Մայքլ Տետե (ապակեգործ) - Ապակու հետ սկսել եմ աշխատել, երբ ուլունքներ էի պատրաստում: Հետո ես սիրահարվեցի այդ նյութին: Անընդհատ ուզում էի ապակի փչել ու տարբեր առարկաներ ստանալ: Ապակին շատ նման է կյանքին, երբ փչում ես, ծավալը մեծանում է, ընդլայնվում, ինչպես կյանքը: Ապակե իրերն իրականում շատ գեղեցիկ են:
Տետեի գլխավոր ամենախիստ կանոնն այն է, որ օգտագործում է բացառապես ապակու թափոն: Նա այն համոզման է, որ իր աշխատանքով պետք է ոչ միայն արվեստի բացառիկ գործեր ստեղծի, այլև հնարավորինս օգնի, որպեսզի իր երկրի աղտոտված մայրաքաղաք Աքրան մաքրվի թափոններից:
ՄԵՔՍԻԿԱ
ՔՐԻՍՏՈՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱՐԱՆԻ ՎԵՐՍՏԵՂԾՈՒՄԸ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Իզթապալապա հարավային թաղամասում քովիդի երկամյա սահմանափակումներից հետո դարձյալ բեմադրվել է Խաչի ճանապարհի տեսարանը:
Հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ ականատես լինելու ծեսին, որում դերասանները ներկայացնում են Հիսուսի վերջին օրվա կրոնական պատմությունը: Հիսուսին մարմնավորում է 22-ամյա Ակսել Գոնսալեսը:
Ներկաներն անչափ ուրախ ու երախտապարտ են՝ զանգվածային այս արարողությանը մասնակցելու հնարավորութ յան համար, քանի որ երկու տարի անընդմեջ համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով դրան միայն հեռուստացույցով են հետևել:
Անգելիկա Լառա (տնային տնտեսուհի) - Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ այսօր կարող ենք ներկա լինել այս արարողությանը: Երախտապարտ եմ, որ կարողացանք հաղթահարել համավարակը և վերամիավորվել ու դիտել Քրիստոսի չարչարանքների տեսարանը:
Մեխիկոյում Զատիկը հավատացյալների համար թեև ընտանեկան տոն է, սակայն միլիոնավոր մարդիկ միասին են նշում Քրիստոսի Հարության տոնը:
Իզթապալապան ացտեկների հնագույն արարողությունների վայր է, նաև Մեխիկոյի ամենամեծ թաղամասն է և հյուրընկալում է Քրիստոսի չարչարանքների ամենամյա վերստեղծման արարողությունը Սերրո դե լա Էստրելայում կամ Աստղի բլուրում։