ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը, որի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում անդրադարձ կա այդ երկրում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին: Խորհրդարանի, նախագահի ընտրություններում արձանագրված խնդիրներից մինչև իշխանությունից կախված արդարադատության համակարգ, մամուլի ազատության սահմանափակումներ, հայ գերիների հանդեպ ապօրինություններ. արաձանագրված խնդիրների ցանկը երկար է: Պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո սահմանի ամբողջ երկայնքով երբեմն բախումներ են լինում, և որոշ դեպքեր մահվան կամ ձերբակալությունների պատճառ են դառնում:
Ադրբեջանի կառավարությունը խոստովանել է, որ Ադրբեջանում պահվում է 41 գերի, սակայն հերքել է այն պնդումները, թե ևս 25 հայ զինծառայող անհետացել են ձերբակալումից հետո: Հայ կալանավորված անձանց թույլ չի տրվել դատավարությունների ժամանակ ընտրել իրենց համար օրինական ներկայացուցիչներ: Կան հաղորդումներ, որ Ադրբեջանի կառավարությունը քրեական հետապնդում է իրականացրել հայ քաղաքացիական անձանց և զինծառայողների նկատմամբ, որոնք կալանավորվել են ինչպես 2020 թվականի աշնան ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո. այդ դատավարությունների ընթացքում պատշաճ ընթացակարգերը չեն պահպանվել:
Պետքարտուղարության զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում՝ իրենց տներում ապրել շարունակող խաղաղ բնակիչները ձերբակալվել կամ սպանվել են, այդ թվում՝ տարեց քաղաքացիները, որոնք զենք չեն ունեցել պաշտպանվելու համար: Զեկույցի հեղինակները մատնանշում են նաև հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, գերեվարված անձանց՝ արդար դատավարության իրավունքից զրկված լինելը, ինչպես նաև բռնի անհետացումների փաստերը։
Ադրբեջանական ուժերի կողմից ձերբակալված հայերի դիտավորյալ սպանությունները և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, պատերազմական հանցագործություններ են: Ադրբեջանական կողմը բռնության է ենթարկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ գերեվարվածներին՝ նրանց ենթարկելով խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
Զեկույցի համաձայն՝ պատերազմի ընթացքում Բաքուն նպատակային թիրախավորել է հիվանդանոցներն ու վիրավորներ տեղափոխող բժշկական տրանսպորտը: Կոչ է արվում համապատասխան մարմինների անհապաղ և մանրակրկիտ հետաքննել այդօրինակ միջադեպերը:
Պետքարտուղարությունն անդրադարձել է նաև հայերի նկատամամբ Ադրբեջանի դրսևորած ռասայական խտրականության, ատելության խոսքի դրսևորումներին:
Մի ամբողջ սերունդ է մեծացել Ադրբեջանում՝ լսելով հայերին ուղղված ատելության խոսք: Երբեմն խոսքը դրսևորվում է նաև գործով: «Ադրբեջան-2020» նամականիշներից մեկի վրա, օրինակ, բժշկական արտահագուստով մարդը քիմիական ախտահանման է ենթարկում Լեռնային Ղարաբաղի տարածքը: Նամականիշում ակնարկվում է, որ հայերը «վարակ» են: 2021-ի ապրիլին Բաքվում բացվեց «Ռազմավարի պուրակ»: Այսօրինակ քայլերը միայն ավելի են խորացնում թշնամական տրամադրություններն ու ատելության խոսքը, բազմապատկում ու խթանում երկրի ներսում անհանդուրժողականությունը:
Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը, զեկույցի համաձայն, մեծապես ազդել է Ադրբեջանի տեղեկատվական դաշտի, մեդիայի ազատության վրա: Ադրբեջանի կառավարությունը արգելափակել է իշխանությանը քննադատող լրատվամիջոցները. «սոցիալական մեդիա հարթակները մնում են միակ տարածքը, որտեղ դրսևվորվում է մարդկանց արտահայտվելու ազատությունը»՝ նշված է զեկույցում:
Շարունակելով Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների թվարկումը՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում անցկացվող ընտրությունների որակի վրա:
Թեև սահմանադրությունը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ընտրել իշխանություն ազատ և արդար ընտրությունների միջոցով, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է սահմանափակել այդ իրավունքը՝ խոչընդոտելով ընտրական ամբողջ գործընթացը: Օրենքը նախատեսում է անկախ օրենսդիր իշխանություն, այնինչ երկրի խորհրդարանը գործադիր իշխանությունից անկախ հազվադեպ է հանդես գալիս: Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական գործիչներին շարունակում են ձերբակալել և դատապարտել վարչական կալանքի՝ կառավարության հասցեին քննադատական գրառումներ կատարելուց կամ խաղաղ հանրահավաքներին մասնակցելուց հետո:
Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանում պետական կառույցներում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում դեռ շարունակվում են կոռուպցիոն բնույթի ահազանգերի մասին հաղորդումները: Կոռուպցիայի մասին հաղորդումներ են եղել գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մարմիններում:
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում ներկայումս կա 122 քաղբանտարկյալ։ Պետքարտուղարության զեկույցը հաստատում է, որ Ադրբեջանի կառավարությունը չի պատժել մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաների մեծ մասին, և որ անպատժելիությունը այդ երկրի համար խնդիր է մնում: