ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը շփումներ չունի ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ջո Բայդենի՝ երկրի նախագահ ընտրվելուց հետո դեսպանը սկսել է մերժումներ ստանալ՝ ի պատասխան հանդիպումներ անցկացնելու առաջարկների։ Այդ մասին դիվանագետը խոսել է Politico-ի հետ հարցազրույցում։
Անտոնովն ասել է, որ դեսպանատունը «տեխնիկական կապեր» է պահպանում Բայդենի վարչակազմի հետ, սակայն կոնգրեսականները հրաժարվում են հանդիպել նրա հետ։ Դիվանագետը, այնուամենայնիվ, կարծում է, որ դա չի կարող «հավերժ շարունակվել», Մոսկվան և Վաշինգտոնը «դատապարտված են համագործակցության» տարբեր հարցերի շուրջ։
«Նույնիսկ նման պայմաններում անհնար է պատկերացնել, որ ռազմավարական կայունության, կլիմայի փոփոխության, կորոնավիրուսի, ահաբեկչության դեմ պայքարի, զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի խնդիրները կարող են լուծվել առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի ակտիվ մասնակցության»,- ասել է նա: