Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի թռիչքները դեպի Ռուսաստան՝ չնայած ինքնաթիռների ականապատման մասին տեղեկություններին՝ հայտնում է Interfax-ը։
Նրա կարծիքով՝ այս հաղորդագրությունների հետևում երկու երկիր է կանգնած. մեկը ԵՄ անդամ է, երկրորդը՝ Ուկրաինան։
Սերբիայի նախագահն ասել է, որ Բելգրադը Ռուսաստան թռիչքներից եկամուտ չի ստանում և դրանք իրականացնում է «սկզբունքորեն, քանի որ մենք ազատ երկիր ենք, և ինքներս ենք որոշում կայացնում»։ Վուչիչը նախատել է բոլոր նրանց, ովքեր հայտարարել են, թե իր ձեռքերը թաթախվել են արյան մեջ։ «Արդյոք թռիչքները չեղարկվեցի՞ն, երբ 19 երկիր ռմբակոծում էր Սերբիան»,- հարցրել է նա:
Վուչիչը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու դեպքում ինքը մրցանակներ կստանա և կդառնա աշխարհի ամենամեծ դեմոկրատը, նա այդ քայլին չի դիմի: «Եթե Բելգրադը հակառուսական պատժամիջոցներ սահմանի, դա կհակասի մեր սկզբունքներին, որովհետև մենք սեփական փորձից գիտենք, թե որքան անբարոյական է պատժամիջոցներ կիրառելը, որքան անարդյունավետ»,- ասել է Սերբիայի նախագահը:
Նա նաև ընդգծել է, որ 2001 թվականից Ռուսաստանը մշտապես աջակցել է Սերբիայի տարածքային ամբողջականությանը։
Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան կմնա ռազմական չեզոք երկիր և կփորձի լավ հարաբերություններ պահպանել բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։