Ուկրաինական ճգնաժամը ազդում է նաև Արցախյան կարգավորման վրա: Օրերս ՌԴ արտգործնախարարը ուղիղ տեքստով հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները հրաժարվում են շփվել Մոսկվայի հետ: Ու թեև, ի պատասխան, Վաշինգտոնն ու Փարիզը հայտարարեցին, որ այդ թվում ՄԽ համանախագահության շրջանակում են շարունակելու ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, Մոսկվան փոխեց իր համանախագահի կարգավիճակը՝ հայտարարելով՝ Իգոր Խովաևն այսուհետև աշխատանքը կշարունակի որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերի՝ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ:
ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի տապալումը Ադրբեջանի երազանքն է: Ինչու. որովհետև համանախագահությունը, ինչպեսև Հայաստանը, համարում է, որ ԼՂ հակամարտությունը լուծված չէ: Մինչդեռ Ադրբեջանը 2020-ի պատերազմից հետո առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե ԼՂ հարց և անգամ ԼՂ աշխարհագրական անվանում այլևս չկա, հիմա բանակցությունները պետք է վարել միայն հաշտեցման շուրջ:
Երևանի համար, սակայն, հակառակը՝ կարևոր է, որ համանախագահությունը չձախողվի, քանի որ դրանում ընդգրկված երեք պետությունները այն խաղացողներն են, որոնք կարող են ազդել Բաքվի ախորժակի վրա ու բալանսավորել իրավիճակը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան