Ոստիկանության օրը Շիրակի և Լոռու մարզերում աչքի ընկավ Պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքի մեկնարկով: Հանդիսավոր միջոցառմամբ, որին մասնակցեց նաև վարչապետ Փաշինյանը, պարեկները անցան գործի՝ հսկելու կարգուկանոնը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սա նոր և թարմ շունչ է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար, որը պիտի նոր մակարդակի բարձրացնի մեր աշխատանքի որակը: Բայց ուզում եմ նաև ընդգծել, երբ մենք անընդհատ շեշտում ենք նոր, թարմ ուժերի ներգրավումը ոստիկանական համակարգ, դա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ թերագնահատում ենք այն ծառայությունը, որ մինչև օրս Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացրել է: Պարեկային ոստիկանությունը, կարծում եմ, այս համախմբման շատ կարևոր օրինակ է, երբ Ոստիկանության փորձառու ուժերը համախմբվում են, միավորվում նոր մարդկանց հետ, ովքեր նախկինում երբեք Ոստիկանությունում չեն ծառայել:
Այսպիսով, ըստ գործադիրի ղեկավարի՝ հիմք է դրվում Հայաստանի ժողովրդավարական մակարդակին հարիր նոր հարաբերությունների: Կառավարության նպատակն ու տեսլականն այս առումով մեկն է:
Նիկոլ Փաշինյան - Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հարգի ոստիկանին, որովհետև ոստիկանին հարգել` նշանակում է հարգել օրենքը: Հայաստանի Հանրապետության ոստիկանը պետք է հարգի քաղաքացուն, որովհետև քաղաքացուն հարգել` նշանակում է հարգել իրավունքը: Բայց օրենքի և իրավունքի այս համախումբն իրավակարգն է, օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը և իրավական պետության ձևավորումը:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց այս բարեփոխումներին նպաստած բոլոր պետական մարմիններին, միջազգային գործընկերներին և հասարակական կառույցներին:
Նիկոլ Փաշինյան - Եկեք խոստովանենք, որ հենց առաջին փուլից ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, բայց հատկապես այդ դժվարությունների պայմաններում շատ կարևոր է, որ մենք արձանագրում ենք առաջ գնալու մեր կամքը, առաջ գնալու մեր ունակությունը, բարեփոխումներ իրականացնելու մեր վճռականությունը:
Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար մի խումբ ոստիկաններ պետական պարգևների արժանացան:
Վարչապետը ծանոթացավ պարեկային մեքենաների տեխնիկական հնարավորություններին ու հագեցվածությանը։ Եղավ Շիրակի նորաստեղծ օպերատիվ կառավարման կենտրոնում:
Շիրակի և Լոռու մարզերում Պարեկային ծառայության աշխատանքը այսօր մեկնարկեց, իսկ Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում այս պահին շարունակվում է հավակնորդների ընդունելությունը: Վարչապետը Լոռիում ստորաբաժանմանը բարի ծառայություն մաղթելու ընթացքում նաև կոչով դիմեց մնացյալ մարզերի քաղաքացիներին՝ ակտիվ լինել ու մասնակցել ընդունելությանը:
Նիկոլ Փաշինյան - Պարեկային ոստիկանությունը շատ խորհրդանշական ծառայություն է, որովհետև մի կողմից այստեղ ընդգրկված են Ոստիկանության երկարամյա աշխատողներ, մյուս կողմից՝ քաղաքացիներ, որոնք Ոստիկանության հետ որևէ առնչություն չեն ունեցել կամ առնչություն են ունեցել որպես քաղաքացի: Սա նշանակում է, որ Պարեկային ոստիկանությունն իրադրություններին կարող է նայել երկու կողմից, իրադրությունները հասկանալ երկու կողմից և իրադրությունները հասցեագրել հավասարակշռված, բայց վճռական: Ես ցանկանում եմ սա հատկապես ընդգծել՝ օրենքի, իրավունքի, սահմանադրական կարգի, քաղաքացիների անվտանգության ապահովման տեսանկյունից, հանցավորության դեմ պայքարում, կարգուկանոնի պաշտպանության, սկսած՝ երթևեկության կարգուկանոնից, վերջացրած առօրյա կարգուկանոնով Ոստիկանությունը պետք է լինի վճռական և հաստատակամ:
Վարչապետը շեշտեց հատկապես այն հանգամանքը, որ Պարեկային ոստիկանությունը ծառայություն է իրականացնելու նաև մայրուղիների վրա: Նշելով՝ ակնկալում է, որ այն պատշաճ իրականացվի, քանի որ ավտոմեքենաների թվի էական աճի արդյունքում ավելացել են ավտովթարները:
Նիկոլ Փաշինյան - Մենք սկզբունքային պայքար ենք տանում կոռուպցիայի դեմ: Դա վերաբերում է բոլորին՝ կառավարությանը, քաղաքական իշխանությանը, իրավապահ մարմիններին և Ոստիկանությանը: Ցանկանում եմ հույս հայտնել, որ Պարեկային ծառայությունը, ընդհանրապես՝ Ոստիկանությունը, զերծ կլինի կոռուպցիայից:
Շիրակում և Լոռիում ոստիկանության ծառայողները վարչապետի հորդորով մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի և Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված, օրենքը և իրավունքը պաշտպանելիս, հանցավորության դեմ պայքարելիս զոհված ոստիկանների հիշատակը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան