Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում իրականացված և դեռ շարունակվող վերանորոգման ու կահավորման աշխատանքներին է հետևել Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շրջել է կենտրոնով, զրուցել այստեղ ապրող տարեցների հետ:
Գյումրու տուն-ինտերնատի լուծարումից հետո բնակիչների խնամքը 2019 թվականից հետո իրականացնում էր Հայկական կարմիր խաչի ընկերությունը։ Կազմակերպությունը պարտավորվել է նաև մինչև 2022 թ. ավարտը վերանորոգել և կահավորել հինգ մասնաշենքից երեքը:
Մատուցվող ծառայությունների որակի և կեցության պայմանների բարելավման նպատակով նախատեսված է առնվազն 163 մլն դրամի ներդրում: 160 շահառուի շուրջօրյա խնամքի համար կազմակերպությունը պետական բյուջեից տարեկան ստանում է շուրջ 250 մլն դրամ։ Այս պահին շահառուները 143-ն են։
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ Է ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑ ԵՎ «ԼՈՖԹ»
Կառավարության ղեկավարի աշխատանքային այցի մյուս կանգառը Վանաձորն էր: Վարչապետը շրջել է Ակսել Բակունցի անվան թիվ 7 նորակառույց դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին, աշակերտների և ուսուցիչների համար ստեղծված պայմաններին:
Նորակառույցը դպրոցը երկհարկանի է, ունի երեք մասնաշենք, համապատասխանում է միջազգային չափանիշներին ու բնական աղետների դեպքում որպես ապաստարան կծառայի բնակչությանը: Բացի այդ, ուսումնական հաստատությունը համալրվել է ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով: Այն նախատեսված է երկու զուգահեռ հոսքերով 430 աշակերտի համար: Ներկայում աշակերտների թիվը 312 է:
Վարչապետն այցելել է նաև Լոռու մարզային գրադարան, որտեղ բացվել է «ԼՈՖԹ» նորարական կենտրոնը: Ծրագիրն իրականացվել է «Հայաստանի մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման» կառավարության որոշման շրջանակում:
Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ օգտագործվելու են ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական բոլոր հնարավոր միջոցները, որ կենտրոնը ծառայի մարզի և մարզկենտրոնի պատանիներին և երիտասարդներին, ամրապնդի մարզի և մայրաքաղաքի միջև կապն ու ընդլայնի միջմշակութային հնարավոր ազդեցությունները։