Կոտայքից մեկնարկած «Պատվաստումը հոգատարություն է» COVID-19-ի դեմ պատվաստումային արշավի հերթական կանգառը Իջևանում է՝ տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
Տավուշի մարզի 65 տարեկանից բարձր անձինք հնարավորություն ունեն պատվաստվել իրենց բնակությանն ավելի մոտ գտնվող պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում և համայնքային կենտրոններում՝ շրջիկ բժշկական թիմերի միջոցով:
Առողջապահության փոխնախարարներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը մեկնել են Իջևան` հետևելու աշխատանքների կազմակերպմանը։
Փոխնախարարները նշել են, որ համավարակը չի ավարտվել, իսկ չպատվաստված բնակչությունը, հատկապես խոցելի խմբերը, ինչպիսիք են տարեցները, շարունակում են մնալ հոսպիտալացման, հիվանդության ծանր ընթացքի և մահվան շատ ավելի մեծ վտանգի ներքո:
Նշենք, որ բացի COVID-19-ի դեմ պատվաստումներից, առաջարկվում է այլ կարևոր առողջապահական ծառայություններ, ներառյալ` ոչ վարակիչ հիվանդությունների՝ անեմիայի և շաքարային դիաբետի սքրինինգներ։
Նախարարությունից հիշեցնում են, որ «Պատվաստումը հոգատարություն է» արշավն իրականացվում է առողջապահության նախարարության և ազգային գործընկերների՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմինների, «Արաբկիր» ԲԿ-ի և ԵԴԱԻ-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Իմունոլոգիայի հայկական ասոցիացիայի, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համատեղ՝ «Եվրոպական միության և ԱՀԿ միասնական գործողությունների շրջանակներում՝ աջակցելու COVID-19-ի պատվաստանյութերի ներդրման և պատվաստումների իրականացմանը Արևելյան գործընկերության երկրներում, 2021-2024 թթ.» ծրագրի շրջանակում:
Միջոցառումը կշարունակվի Լոռու և Սյունիքի մարզերում։