ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության 52-րդ օրն է։ Վոլոդիմիր Զելենսկին գնահատել է ուկրաինական կողմի կորուստները՝ մոտ 2,5-3 հազար զոհ և 10 հազար վիրավոր։ Նախագահը հավելել է նաև, որ խաղաղ բնակչության շրջանում կորուստները շատ ավելի դժվար է հաշվել։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով՝ Ռուսաստանը կորցրել է շուրջ 20000 զինծառայողի:
ՌԴ պաշտպանության նախարարության վերջին տվյալով՝ հատուկ գործողության մեկ ամսվա ընթացքում զոհվել է 1351 զինծառայող, վիրավորվել՝ 3825-ը։ Ուկրաինական զորքերի կորուստը, ռուսական կողմի գնահատմամբ, 30 հազար է։
Մոսկվան և Կիևը հայտնում են նաև ապառազինության կորուստների մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ խոցվել է ուկրաինական ավելի քան 800 ռազմական օբյեկտ, ընդհանուր առմամբ ոչնչացվել է ավելի քան 5000 միավոր զինտեխնիկա: Նախօրեին ՌԴ զինված ուժերը կանխել են ուկրաինական կողմի փորձը՝ հարվածելու Կախովսկայա հիդրոէլեկտրակայանին։ Արդյունքում, ռուսական կողմի փոխանցմամբ, վնասվել է մոտակա բնակավայրի մանկապարտեզի շենքը, բնակելի տներ, կան տուժածներ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով՝ ռուսական կողմն ակտիվ ռազմական գործողություններ է իրականացնում Սլոբոժանսկի և Դոնեցկի ուղղությամբ, շարունակվում են Խարկովի շրջափակումը և Մարիուպոլի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու ջանքերը։ Ընդհանուր առմամբ, խոցվել է ավելի քան 3000 միավոր ռուսական զինտեխնիկա։
Ուկրաինայում զինված հակամարտության սկզբից ի վեր մոտ 5 մլն ուկրաինացի ապաստան է գտել այլ երկրներում, ներքին տեղահանվածների թիվը 7,1 մլն է։ Այդ մասին են վկայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության վերջին տվյալները։ Մոսկվայի հրապարակած պաշտոնական տվյալով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից Ռուսաստան է ժամանել շուրջ 784000 մարդ, որոնցից ավելի քան 150000-ը՝ երեխա:
ՄԱԿ-ի հումանիտար հաստատությունները, վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տվյալները, նշում են, որ ամեն օր երկիր է վերադառնում 30 հազար մարդ:
ՇՈԼՑԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ 2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կավելացնի երկրի ռազմական բյուջեն 2 մլրդ դոլարով, հաստատել է երկրի ֆինանսների նախարարը։
Քրիստիան Լինդների խոսքով՝ միջոցների մեծ մասը կուղղվի Ուկրաինա։ «Օլաֆ Շոլցը վաղուց էր դա պահանջում»,- հավելել է պաշտոնյան։
Նշվում է, որ այդ գումարից մոտ 400 մլն եվրոն կփոխանցվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի հաշվին, որը զենք է ձեռք բերում Ուկրաինայի համար։
ԳԴՀ ՓՈԽԿԱՆՑԼԵՐԸ ԴԵՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷՄԲԱՐԳՈՅԻՆ
Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը դեմ է արտահայտվել ռուսական գազի մատակարարումների նկատմամբ էմբարգո սահմանելու գաղափարին։
«Նման քայլը կվտանգի Գերմանիայում սոցիալական խաղաղությունը։ Մենք պետք է մտածված ու զգույշ գործենք»,- նշել է պաշտոնյան։
Հաբեքն ընդգծել է, որ Բեռլինը հետևողականորեն աշխատում է ռուսական էներգակիրներից անկախանալու ուղղությամբ, հավելել՝ երկիրն արդեն լավ առաջընթաց է գրանցել ռուսական ածխի և նավթի ներկրումից անկախանալու հարցում։
Անդրադառնալով Գերմանիայի տարածքում գազի արդյունահանման հնարավորությանը՝ փոխկանցլերը շեշտել է․ «Դա դժվար գործընթաց է և կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր բնական միջավայրի վրա։ Ներկայում ընկերություններ էլ չկան, որոնք ցանկանում են դրանով զբաղվել»։ Փոխկանցլերը հայտնել է նաև, որ Գերմանիայի պաշարները հիմնականում սպառվել են։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խոսել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինայի, արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ:
Բանակցությունների օրակարգում եղել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ հայտնել է դիվանագետը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում։
Բորելի խոսքով՝ Եվրամիությունը սերտ կապ է պահում անդամ պետությունների հետ, որպեսզի արագացնի Ուկրաինային անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը։
ՃԱՊՈՆԻԱՆ 102 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԿԱՋԱԿՑԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Տոկիոն 102 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի Կիևին՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետը։
«Վերջնական պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Ճապոնիայի կառավարության հետ։ Գումարը կուղղվի մեր երկրի, ժողովրդի առաջնահերթ կարիքները ֆինանսավորելուն»,- նշել է Դենիս Շմիգալը։
Նրա խոսքով՝ Կիևը ֆինանսական աջակցության հարցով բանակցություններ է վարում տարբեր մակարդակներով, ինչպես նաև բոլորի հետ, ովքեր կարող են և պատրաստ են օգնելու։