ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում իրականացված և դեռևս շարունակվող վերանորոգման ու կահավորման աշխատանքներին:
Վարչապետին այցի ընթացքում ուղեկցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնով, զրուցել նաև այստեղ բնակվող տարեցների հետ, որոնք շնորհակալություն են հայտնել Կառավարության ղեկավարին իրենց խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և լուծումներ գտնելու համար:
Պատասխանատուների ներկայացմամբ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև 2019 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված համագործակցության հուշագրով Գյումրու տուն-ինտերնատի լուծարումից հետո բնակիչների խնամքն իրականացվում է ՀԿԽԸ-ի կողմից։ Հուշագրի առանցքում տուն-ինտերնատում բնակվող խնամքի կարիք ունեցող տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավումն է՝ ապահովելով առավել լավ պայմաններ, շուրջօրյա խնամք, բժշկասոցիալական և հոգեբանական ծառայություններ։
Կառավարության ղեկավարին նաև ներկայացվել է, որ ՀԿԽԸ-ն պարտավորվել է մինչև 2022 թ. ավարտը վերանորոգել և կահավորել հինգ մասնաշենքերից երեքը: Մատուցվող ծառայությունների որակի և կեցության պայմանների բարելավման նպատակով նախատեսված է իրականացնել առնվազն 163 մլն դրամի ներդրում:
Պայմանագրի համաձայն՝ կազմակերպությունը պետական բյուջեից տարեկան ստանում է շուրջ 250 մլն դրամ՝ 160 շահառուի շուրջօրյա խնամքն իրականացնելու նպատակով։ Այս պահին շահառուների փաստացի թվաքանակը 143 է։