Ապրիլի 16-ին՝ ժամը 00:30-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: Այս մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:
Պլանային նախազգուշական վերանորոգում 2022-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝
- ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ.
- թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում.
- թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում.
- թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում.
- տուրբագեներատորների միջին վերանորոգում:
Պլանային նախազգուշական վերանորոգում 2022-ի ընթացքում շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները: Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն:
Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները: ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս.թ. հունիսի 28-ին: