Կորոնավիրուսի դեմ պատվաստման թվերը նվազել են: Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ հիմնական պատճառը համաճարակային հարաբերական հանգիստ իրավիճակն է, սակայն մասնագետները զգուշացնում են՝ շատ երկրներում վիրուսի մուտացիաներն ակտիվանում են:
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ փոխտնօրեն, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար) - Ռուսաստանում կանխատեսումներ կան, որ մայիսի կեսերից արդեն իրենց մոտ ալիքը անխուսափելի կլինի: Սա նշանակում է, որ հաջորդիվ շատ արագ մեր մոտ այդ ալիքը կլինի, տեսնում եք՝ բնակչության տեղաշարժը ինչքան ակտիվ է այս փուլում՝ հատկապես Ռուսաստան-Հայաստան կտրվածքով:
Ռիսկային խումբ համարվող՝ տարեցների ու քրոնիկ հիվանդություն ունեցողների շրջանում պատվաստումային ցուցանիշներն այնքան էլ բարձր չեն: 65 տարեկան և բարձր անձանցից առաջին դեղաչափով պատվաստված է 42.2, երկրորդ դեղաչափով՝ 38.6 տոկոսը, բուստեր ստացել է 2.4 տոկոսը:
Գայանե Սահակյան - Մարդիկ մտածում են, եթե քրոնիկների մասով խոսենք, առանց այն էլ մենք հիվանդություն ունենք, հիմա պատվաստումից հետո մեր վիճակը ավելի կլրջանա, բայց իրականում հետպատվաստումային ռեակցիաները կարճատև են, արագ անցնում են, այնպիսի հետևանքներ չեն թողնում, որը կթողնի վիրուսը:
Սահակյանը պարզ վիճակագրություն է ներկայացնում՝ պատվաստվածները գրեթե երբեք չեն հայտնվում վերակենդանացման բաժանմունքներում:
Գայանե Սահակյան - Նույնիսկ հիվանդացության վերլուծությունը ցույց է տալիս, որ այս պահին բուժման մեջ գտնվող անձանց ավելի քան 93 տոկոսը պատվաստված չէ, հոսպիտալացված մարդկանց շրջանում 90 տոկոսից ավելին պատվաստված չէ, և վերակենդանացման բաժանմունքում գտնվող անձինք ոչ մեկը պատվաստված չէ:
Պատվաստման գործընթացն ակտիվացնելու համար Կոտայքի մարզում մեկնարկել է «Պատվաստումը հոգատարություն է» արշավը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախաձեռնության նպատակն է Հայաստանի մարզերում բնակվող 65 տարեկանից բարձր անձանց կորոնավիրուսի հետևանքների մասին իրազեկելն ու պատվաստման գործընթացն ավելի հասանելի դարձնելը: