«Հայֆիլմի» ոսկե ֆոնդի մասին պատմող այս նկարները կինոյի տան «Ազգային սինեմատեք» ժամանակակից կինոթանգարանում են փակցված: «Նամուս», «Պեպո», «Առաջին սիրո երգը»՝ թանգարանում հայ կինոյի ամբողջ գանձանակն է ներկայացված: Կինոյի օրը Կինոգործիչների միությունում նշում են վերջին 5 ամիսների ընթացքում արված աշխատանքն ամփոփելով: Թանգարանից բացի, իրականացրել են տարիների երազանքը, վերազինել են կինոյի տան դահլիճները:
Արայիկ Մանուկյան (Կինոգործիչների միության նախագահի խորհրդական) - Փոխվել է կինոպրոյեկտորը, որը ամենաժամանակակիցն է, ձայնային համակարգը, փոխվել է էկրանը, որը հնարավորություն է տալիս նոր ֆորմատի ցուցադրություն կազմակերպել այստեղ:
502-տեղանոց այս կինոդահլիճը Հայաստանում ամենամեծն է: 1976-ից՝ հիմնադրման օրվանից, այստեղ նորոգման աշխատանքներ չէին արվել: Մոտ երեք տարի առաջ դահլիճն են նորոգել, հիմա էլ գերժամանակակից էկրան ու ձայնային համակարգ են տեղադրել: Ըստ Կինոգործիչների միության նախագահի՝ կինոյի տունը դարձնելու են կինոփառատոնային կենտրոն:
Հարություն Խաչատրյան (Հայաստանի կինոգործիչների միության նախագահ) - Բոլոր փառատոներին հնարավորություն են տվել բացումները, փակումները այստեղ, ու առանց փողի:
Էկրանով ու նոր ձայնային համակարգով վերազինել են նաև կինոյի տան փոքր դահլիճն ու կինոսրահը: Կինոսիրողն այսուհետ այստեղ նաև ժապավենով ֆիլմեր դիտելու հնարավորություն կունենա:
Հարություն Խաչատրյան - Զարմացնեմ ձեզ՝ ժապավենով նոր տեխնիկա ենք դրել, ժապավենով պրոյեկտոր՝ 35 մմ, ձեռք ենք բերել 216 ժապավենային միջազգային ֆիլմեր՝ հայկական, ամերիկյան, եվրոպական, ռուսական ֆիլմեր:
Տարբեր երկրներից գնված ֆիլմերի ժապավենները մասնագետներն ուսումնասիրում են, տեսակավորում: Սրանց պահպանման համար այժմ կինոկենտրոնի ֆոնդային հատվածն է նորոգվում, ջերմամեկուսացվում ու օդափոխվում: Ավարտելուց հետո այս հարստությունը կտեղափոխվի ու կպահվի համապատասխան պայմաններում:
Հարություն Խաչատրյան - Ունենք ֆիլմեր, որ անհատների մոտից ենք հավաքել, ունենք ֆիլմեր կինոկենտրոնից, մեծ բարությամբ նվիրեց «Պարադիս» ընկերությունը և կինո «Մոսկվան»:
Կինոգործիչների միությունն ընդլայնում է նաև կրթական ծրագրերը: Շուտով դպրոցականների համար, ԿԳՄՍ-ի հետ սկսելու են «Կինո ուսուցիչ» ու «Ժառագություն» կրթական-մշակութային նախագծերը:
Արայիկ Մանուկյան - Նպատակ ունի 6-9 դասարանների առարկայական ծրագրերը համատեղ կինոյի հետ ծրագրերի որոշ մասը անցնել այստեղ ու կինոյի միջոցով:
Աշխատանքներն իրականացվել են տարբեր ֆոնդերի, հատկապես «Ոսկե ծիրանի» օգնությամբ: Առաջիկա օրերին էլ կսկսեն կինոյի տան մեծ դահլիճի օդափոխման, ջեռուցման և հովացման համակարգի աշխատանքները: