Ստեփան Գրեյան (Խաչփարի բնակիչ) - Ապրիլի 12-ն արդեն է, մարդիկ էլ ե՞րբ պիտի ջուր ունենան, որ մի բախչա ջրեն, թեկուզ իրենց ուտելու համար, էլ ե՞րբ անի:
Այս պարզ հարցադրմամբ արդեն մի քանի օր է՝ անավարտ մնացած ջրատարի մոտ հավաքվում են Խաչփար գյուղի բնակիչները:
Ստեփան Գրեյան - Էս ջրատարը հին էր, էս կանալը չի եղել, փոսի միջով ամեն մեկը տարել ջրել ա, բերեցին սրանք դնեն, որ կուլտուրական դառնա, էն էլ...
Ա՛յ ցավդ տանեմ, ջուր չունենք, առաջին բերքը գնաց, մնաց երկրորդ բերքը՝ կլինի՞, թե՞ չէ հուլիս ամսին՝ դա էլ հարց ա: Եթե չէին սարքում՝ թող չքանդեին, եթե սարքում էին՝ թող սարքեն:
Սուբվենցիոն ծրագրով գյուղում պետք է կառուցվեր այս ջրագիծը: Հաղթող կապալառուն դեռ աշնանն էր սկսել աշխատանքը: Դեկտեմբերին պիտի ավարտվեր աշխատանքը, արդեն ապրիլն է, բայց դեռ անորոշ է՝ երբ կավարտվի: Գյուղի վարչական ղեկավարը փետրվարին է նշանակվել, խնդիրը հասկանալու համար դիմել է ջրատարի կառուցումը կիսատ թողած կապալառուին:
Արայիկ Գաբրիելյան (Խաչփարի վարչական ղեկավար) - Ես զանգել եմ շինարարին, հարցրել եմ, ասել է՝ նախկին ղեկավարի հետ խնդիր ունեմ, չեմ շարունակել: Ասել է՝ գամ, տեսնեմ, բացատրեմ:
Պայմանավորված օրը՝ մարտի 7-ին չի եկել, Գաբրիելյանն էլ, իր խոսքով՝ փաստաթղթերը փոխանցել է համայնքապետարան, որ այնտեղ զբաղվեն խնդրով: Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալը փաստաթղթերի փաթեթն է ցույց տալիս, ասում է՝ տվյալներում անհամապատասխանություն կա: Մի տեղ կնքված պայմանագիրը օգոստոսին է, մյուսում՝ սեպտեմբերին: Բայց ամենակարևորը՝ չկա համաձայնագիրը, առանց որի կապալառուն չէր կարող սկսել կառուցումը:
Արայիկ Գաբրիելյան - Հարցրել ենք՝ բա ո՞ւր է համաձայնագիրը, ասում է՝ նախկին համայնքի ղեկավարը չի կնքել, բանավոր խոսքին հավատացել եմ, արել եմ:
Մեզ հետ հեռախոսազրույցում «Մ բուատ» ՍՊԸ փոխտնօրեն Տիգրան Վահրադյանը հերքում է, ասում է՝ համաձայնագիր եղել է:
Տիգրան Վահրադյան («Մ-ԲՈՒԱՏ» ՍՊԸ փոխտնօրեն) - Ո՛նց կարայինք առանց համաձայնագիր սկսեինք:
Նախկին ղեկավարը ևս պնդում է՝ համաձայնագիր եղել է, կապալառուի հետ ունեցած միակ խնդիրն էլ աշխատանքի որակի հետ է կապված եղել:
Ղազար Մարտիրոսյան (Խաչփարի նախկին գյուղապետ) - Իմ հետ խնդիրները էս ա եղել, որ եկել է, էդ եղած բրիգադը հաղթողին չեմ տեսել, տումբաները, ասել եմ՝ ուրիշ չափով պիտի անեք, ու էդ ա էղել պրոբլեմը:
Ի դեպ, ըստ պայմանագրի՝ համաձայնագրի կնքումից հետո 90 օրվա ընթացքում պետք է աշխատանքը ավարտվեր, այսինքն՝ դեկտեմբերին: Աշնանը ոռոգման հետ կապված աշխատանքը երկարել է, համաձայնագիրը, ըստ Վահրադյանի, հետաձգել են մինչև հունվար, այդ ժամկետում ևս չեն կատարել իրենց պարտավորությունը.
Տիգրան Վահրադյան - Չեմ ուզում ասեմ, թե խի:
Նախկին գյուղապետն էլ շեշտում է՝ դեկտեմբերից մինչև ապրիլ 4 ամիս է անցել, ինչու ավելի վաղ չեն կանչել իրենց, հարցրել փաստաթղթերից: Համայնքապետարանում նշում են՝ այդ ծրագրի մասին որևէ մուտք չեն ունեցել:
Նորայր Հակոբյան (Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ) - Մասիս քաղաքը խոշորացվեց, և 26 գյուղերի համայնքների կատարված աշխատանքների վճարման հոսք կար: Շինարարները գալիս էին, վճարվում էին, տեղում ուսումնասիրվում էին ու փոխանցվում: Խաչփար համայնքի ոռոգման ծրագրի մասին որևէ տեղ չի մատնանշվել, տեղեկություն չենք իմացել:
Խճճված այս պատմության մեջ կապալառուն էլ անավարտ ջրատարի համար պահանջներ ունի. դիմել է համայնքապետարան: Ներկայացնում է իրավիճակ, որ իրականացրել է որոշակի աշխատանք, մոտ 9 մլն դրամի:
Տիգրան Վահրադյան - Եթե 6 ամսում չի կատարվում աշխատանքը, օրենքի ուժով պայմանագիրը չեղյալ է համարվում:
6 ամիս անց արդեն լուծված համաձայնագիրը երկարացնելու համար ապրիլի 11-ին կապալառուն դիմել է համայնքապետարան: Կցել է նաև համաձայնագրի պատճենը: Համայնքապետարանից բնօրինակն են պահանջել, քանի որ կնիքը չի երևում, դեռ սպասում են:
Տիգրան Վահրադյան - Ման եմ գալիս, չգիտեմ ուր ա, նախկին ղեկավարից եմ պատճենը վերցրել:
Նախկին գյուղապետը վստահեցնում է՝ այդ բոլոր փաստաթղթերի պատճեններից ինքն էլ ունի, պատրաստ է հարցը իրավական դաշտում լուծելու: Ասում է՝ սուբվենցիոն այս ծրագիրը խոչընդոտելու պատճառը անձնական վերաբերմունքն է:
Մեղադրանքներ, խնդիրը դատարանում ու դատարանից դուրս լուծելու տարբերակները դեռ չեն ավարտվում, իսկ գյուղացու այգիները առանց ջրի են մնում: Եթե նոր մրցույթ հայտարարեն, գործընթացը երկար կտևի: Արդեն գործի մի մասն արած ընկերությունը պատրաստ է շարունակելու և ավարտին հասցնելու, բայց նրան այս պահին համայնքապետարանը այդ իրավունքը տալ չի կարող:
Տիգրան Վահրադյան - Դրա իրավական կարգավորումը չունենք:
Համայնքապետարանը հարցը քննարկելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Գերատեսչությունից «Լուրերին» փոխանցեցին՝ խնդրին տեղյակ են, քննարկումների համար միշտ բաց են: Առուն, որի ջուրը հիմա գյուղացուն չի հասնում, ապահովում էր շուրջ 200 տնամերձի ոռոգումը: Ջուրը հասնում էր նաև դաշտեր, ազնվամորու, լոբու, լոլիկի ու խնձորի վաճառքը ժամանակին ապահովում էր նրանց եկամտի մի մասը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան