Բառարանը Պարույր Սևակի մշտական ուղեկիցն էր: Բառաստեղծ բանաստեղծը գիտեր, որ բառարան կարդալով կարելի է լեզուն սովորել և խորապես ուսումնասիրել: Հիմա դա հնարավոր է անել ոչ միայն տպագրված, այլ նաև առցանց բառարանների միջոցով:
Լալիկ Խաչատրյան (ՀՊՄՀ լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր) - Երբ 200-300 տարի լեզուն զարգանում է, 1700 կամ 1800 թվականի բառարանը չի արտացոլում լեզվի զարգացման ընթացքը:
Հայերեն առցանց բառարանները մատների վրա կարելի է հաշվել: Որոշ դեպքերում դրանք շփոթում են սկանավորված բառարանների հետ, որոնք տպագրված բառարանների էջեր են. բառարանները սկանավորվում են, բովանդակությունը մնում է նույնը:
Լալիկ Խաչատրյան - Մենք այնքան հետ ենք բառարանագրությունից, որ ես ուսումնասիրեցի, կուչ եկա, ասացի՝ մենք ա՞յս ենք արել:
Սրանք աշխարհի լավագույն առցանց բառարաններից են: Դրանց ստեղծման համար աշխատում է բարձրակարգ մասնագետների մեծ թիմ, բառարանները տարեցտարի կատարելագործվում են: Իսկ Հայաստանում...
Լալիկ Խաչատրյան - Էնպիսի բառարան ա պետք, որը չկա: Իսկ եթե չկա, ո՞վ է դրա պատասխանատուն:
Բառարան կազմելու նախաձեռնողները, լեզվաբանների պնդմամբ՝ հենց իրենք են: Նախագծերը քիչ չեն, աջակցողներին է դժվար գտնել: Եվ դա մնում է իրենց ուսերին:
Մերի Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղար, Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ) - Հայաստանում, ցավոք, պետության կողմից պետական պատվերներ չեն իջեցվում գիտական կազմակերպություններին, որպեսզի մենք կատարենք որոշակի աշխատանք: Պետությունը մեր առջև՝ որպես գիտնականի, երբեք խնդիր չի դնում, թե մենք այս խնդիրն ունենք լուծելու, տենդեր ենք հայտարարում, ենթադրենք, ով կշահի՝ նա կիրականացնի:
ԿԳՄՍ նախարարությունից մեկնաբանում են՝ առաջարկներ անողը ոչ թե պետք է նախարարությունը լինի, այլ մասնագետները, նախարարությունը պետք է որոշի՝ ընդունել և ֆինանսավորե՞լ տվյալ նախագիծը, թե՞ ոչ:
Գիտնականներն այլ խնդիր էլ են մատնանշում. բառարան կազմելը գիտական աշխատանք չի համարվում: Դա հաստատում են նաև Գիտության կոմիտեից: Գիտնականները հիմնականում հենց այս պատճառով չեն կազմում բառարաններ, այլ նախընտրում են գրել, օրինակ՝ հոդվածներ, անել հետազոտություններ:
Ուսանողների համար էլեկտրոնային բառարաններում արդի բառեր գտնելը խնդիր է, որը լուծելու տարբերակ իրենք են առաջարկում:
Լեզվաբան Մերի Սարգսյանի նախաձեռնությամբ կազմվում է էլեկտրոնային երկու համակարգ՝ formlang բառակազմական բառարանն ու armspell սրբագրման համակարգը, որոնց կազմման աշխատանքներում, գիտնականներից բացի, նաև ուսանողներ են ներգրավված:
Մերի Սարգսյան - Մեր համակարգը միայն չի սրբագրում տեքստը, չի ուղղում ուղղագրական սխալները, այլ նաև կազմում է բոլոր ուղիղ ձևով բառերի թեքված տարբերակները: Օրինակ՝ «գրել» բայը ունենում է 160 տիպի փոփոխություն:
Ու որպեսզի մարդիկ գրագետ խոսեն, հատկապես երիտասարդները, լեզվաբանները փորձելու են ավելացնել առցանց բառաշտեմարանների թիվը:
Հեղինակ՝ Մերի Աղաջանյան