Զատկին ընդառաջ Հայաստանում ձվի դեֆիցիտ չկա. սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձվի արտադրության և իրացման շուկայում վերահսկողություն է սկսել, արձանագրել՝ անհրաժեշտ խմբաքանակը կնպաստի, որ ձուն արհեստական չթանկանա:
Վահե Դանիելյան (ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ) - Այս պահի դրությամբ չենք արձանագրել այնպիսի դեպքեր, որոնք կապված են սննդամթերքի անվտանգության հետ: Վերահսկողությունն այսօր ավարտվելու է, արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն հաջորդ շաբաթ: Շուկայում գների կայունություն կա, և նախորդ տարվա բացասական երևույթները այս տարի չեն կրկնվում:
Տարեսկզբին ձվի շուկայում արձանագրված գնիջեցման պատճառով մտավախություն կար, որ հնարավոր է՝ որոշ տնտեսվարողներ խմբաքանակ կուտակեն՝ հետագայում ավելի բարձր գնով վաճառելու համար: Այս նպատակով տեսչական մարմինը 10 խոշոր տնտեսվարողի մոտ հունվարից վերահսկողություն էր սկսել, հայտնաբերել առանց արտադրության օրվա մակնշման ձվի խմբաքանակ: Իրացման ցանցերում էլ ձվի թարմությունը ստուգող լաբորատոր փորձաքննությունն էին սկսել:
Վահե Դանիելյան - Մենք արձանագրեցինք թարմության ցուցանիշով անհամապատասխանություն և կասեցրինք, մի քանի տնտեսվարողի մոտ ձուն ոչ թե սեղանի էր, այլ արտադրական նպատակով:
Հավի ձվին զուգահեռ՝ տեսչականը նաև շոկալադե՝ «Կինդեր» ձվի շուկան է ստուգել: Նախորդ շաբաթ տեղեկություն էր հայտնվել, որ Եվրամիության որոշ երկրներում գրանցված սննդային թունավորման դեպքերը, հնարավոր է՝ կապված են «Կինդերի» շոկոլադե արտադրանքի հետ: Ստուգումից հետո Հայաստան ներմուծված «Կինդեր» ապրանքանիշի երկու խմբաքանակ կասեցվել էր, ուղարկվել լաբորատոր փորձաքննության:
Վահե Դանիելյան - Այսօր արդեն հայտնի են արդյունքները, Հայաստան ներմուծված խմբաքանակի մեջ որևիցե մանրէաբանական ռիսկ չկա, վտանգ չկա:
Կասեցված խմբաքանակները թույլատրվելու են իրացման համար, սակայն Հայաստան ներմուծվող տվյալ ապրանքանիշը այսուհետ ևս պարտադիր կենթարկվի հավելյալ լաբորատոր փորձաքննության: