ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ. ԶԵԼԵՆՍԿԻ
Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու առանձին փաստաթղթից` չնայած Ռուսաստանը հանդես է գալիս միասնական փաստաթղթի օգտին, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ մեկը պետք է վերաբերի երկրի անվտանգության երաշխիքներին, մյուսը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին։
«Իրավիճակը երկրում շատ ծանր է։ Մեր զինվորներն արգելափակված են։ Եթե Ռուսաստանը ոչնչացնի Մարիուպոլը պաշտպանող ուկրաինացի զինվորականներին, հետագա խաղաղ բանակցություններն անհնարին կդառնան։ Մեր տարածքները և ժողովուրդը սակարկման ենթական չեն», - նշել է նա։
Զելենսկին, այնուհանդերձ, նշել է, որ բանակցային գործընթացը դեռևս շարունակվում է։
ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ավելի վաղ CNN-ի հետ հարցազրույցի ընթացքում Վոլոդիմիր Զելենսկին գնահատել էր ուկրաինական կողմի կորուստները՝ մոտ 2,5-3 հազար զինվորական և 10 հազար վիրավոր։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով՝ Ռուսաստանը կորցրել է շուրջ 20000 զինծառայողի:
ՌԴ պաշտպանության նախարարության վերջին տվյալով՝ հատուկ գործողության մեկ ամսվա ընթացքում զոհվել է 1351 զինծառայող, վիրավորվել՝ 3825-ը։ Ուկրաինական զորքերի կորուստը, ռուսական կողմի գնահատմամբ, 30 հազար է։
ՄՈՏ 5 ՄԼՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱՊԱՍՏԱՆ Է ԳՏԵԼ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՄԱԿ
Ուկրաինայում զինված հակամարտության սկզբից ի վեր մոտ 5 մլն ուկրաինացի ապաստան է գտել այլ երկրներում, ներքին տեղահանվածների թիվը 7,1 մլն է։ Այդ մասին են վկայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության վերջին տվյալները։ Մոսկվայի հրապարակած պաշտոնական տվյալով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից Ռուսաստան է ժամանել շուրջ 784000 մարդ, որոնցից ավելի քան 150000-ը՝ երեխա:
ՄԱԿ-ի հումանիտար հաստատությունները, վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տվյալները, նշում են, որ ամեն օր երկիր է վերադառնում 30 հազար մարդ:
ՌԴ-Ն ՓԱԿԵԼ Է ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔԸ ՋՈՆՍՈՆԻ ԵՎ 12 ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԱՄԱՐ
Ռուսաստանը, ի պատասխան Լոնդոնի քաղաքական արշավի, փակել է երկրի տարածք մուտքը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ու ևս 12 պաշտոնյայի համար, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Բրիտանիայի իշխանություններն, ըստ էության, միտումնավոր սրում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Կիևին մահաբեր զենք տրամադրելով», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Ցուցակը շուտով կհամալրվի․ սահմանափակումները կտարածվեն քաղաքական բոլոր գործիչների վրա, որոնք, Մոսկվայի համոզմամբ, հակառուսական տրամադրություններ են սերմանում և Արևմուտքին դրդում Ռուսաստանի հետ խոսել սպառնալիքի լեզվով։
Միացյալ Թագավորության արտգործնախարարությունից արձագանքել են՝ Լոնդոնը չի հրաժարվի Ուկրաինայի իշխանություններին աջակցելուց։
ԳԴՀ ՓՈԽԿԱՆՑԼԵՐԸ ԴԵՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷՄԲԱՐԳՈՅԻՆ
Գերմանիայի փոխկանցլերը դեմ է ռուսական գազի մատակարարումների նկատմամբ էմբարգո սահմանելու գաղափարին։ Նա շեշտել է՝ հարկավոր է մտածված և զգույշ գործել։ Ռոբերտ Հաբեքն ընդգծել է՝ երկիրն արդեն լավ առաջընթաց է գրանցել ռուսական ածխի և նավթի ներկրումից անկախանալու հարցում։
Անդրադառնալով Գերմանիայի տարածքում գազի արդյունահանման հնարավորությանը՝ փոխկանցլերը շեշտել է․
«Դա դժվար գործընթաց է և կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր բնական միջավայրի վրա»։
Փոխկանցլերը հայտնել է նաև, որ Գերմանիայի պաշարները հիմնականում սպառվել են։
ԵՎՐՈՊԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՍԽԱԼ ԶԵՆՔ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ՊՈԴՈԼՅԱԿ
Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտարարել է, որ Եվրոպան Ուկրաինային սխալ զենք է մատակարարում։
«Մեզ չեն ուղարկում այն, ինչ մենք խնդրել ենք, զենքն էլ շատ երկար է տեղ հասնում։ Այս խաղը չի նպաստի ժողովրդավարության հաղթանակին»,- գրել է Միխայլո Պոդոլյակը Twitter-ի միկրոբլոգում։
Քաղաքական գործիչը նաև պահանջել է Կիևին անհրաժեշտ սպառազինություն տրամադրել «հիմա, ոչ թե մեկ ամսից»։