Պատժախուց տեղափոխելը՝ որպես կարգապահական տույժի ձև, անչափահասների դեպքում չպետք է օրինապահ վարքագիծ ձևավորելու տարբերակ դիտարկել: Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ արդեն ժամանակն է ամբողջությամբ բացառել այս մոտեցումը:
Թե՛ միջազգային կառույցները, թե՛ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն ընդգծում են՝ անչափահասները պատժախցում հայտնվելու, պատիժ կրելու դեպքում կարող են հոգեբանական լուրջ խնդիրների բախվել:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Երբ խոսում ենք վերասոցիալականացման քաղաքականության մասին, կարող է ոչ բարենպաստ հետևանքներ բերել այդ քաղաքականության իրականացման տեսանկյունից, և եթե ընտրվի որոշակի վերասոցիալականացման ուղի ՔԿՀ-ում, այսպիսի կարգապահական տույժերը կարող են խանգարել գործընթացին:
Արդարադատության նախարարության մշակած նախագծով առաջարկվում է այլ մոտեցումներով անչափահասի մոտ ձևավորել դրական, օրինապահ վարքագիծ, հատկապես կարևորել նրանց հետ հոգեբանական աշխատանքը: Իսկ կարո՞ղ է համեմատաբար մեղմ մոտեցումը անչափահասների մոտ անպատժելիության մթնոլորտ ձևավորել, երբ 10-օրյա խիստ մեկուսացման բացառումը կարող է թուլացնել զգոնությունը: Արփինե Սարգսյանը հակադարձում է՝ ևս երկու կարգապահական տույժ կա՝ նկատողություն և խիստ նկատողություն:
Արփինե Սարգսյան - Յուրաքանչյուր կարգապահական տույժ հետք է թողնում հետագայում անչափահասի պատժի կրման պրոցեսի վրա, որովհետև, ի վերջո, այսպիսի կարգապահական տույժերը կարող են ազդել պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գործընթացին, անգամ կարող են, օրինակ՝ չտրամադրվել կարճաժամկետ մեկնումներ այն պարզ պատճառով, որ բացասական վարքագծով անձ է:
ՔԿՀ-ում այս պահին պատիժը կրում է 7 անչափահաս:
Ի դեպ, այս փոփոխությունը վերաբերում է ոչ միայն դատապարտյալներին, այլև կալանավորվածներին: