Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Ոստիկանության օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալներով:
Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր Ոստիկանության օրվա կապակցությամբ այս մեդալները հանձնել ձեզ:
Համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, անվտանգ ապրենք: Հայաստանի Հանրապետությունում անվտանգության բարձր մթնոլորտը զգում են նաև Հայաստան ժամանած հյուրերը, մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող անձինք, որի մասին ինձ ասում են տարբեր հանդիպումների ընթացքում:
Համոզված եմ, որ դուք ձեր ուժերը, կարողությունները, մասնագիտական հմտությունները կշարունակեք օգտագործել հանուն Հայաստանի Հանրապետության կայունության, հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, հանուն մեր երկրի բարօրության:
Առանձնակի շնորհավորում եմ բոլոր պարգևատրվածներին, մաղթում հաջողություններ նաև անձնական կյանքում և, իհարկե աշխատանքում՝ նոր կոչումներ, նոր մեդալներ:
Հույս եմ հայտնում, որ ոստիկանությունը մեծ պատասխանատվությամբ կկատարի իր վրա դրված առաքելությունը և կծառայի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական արժեքների պահպանման համար»: