Ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու հայտարարություն կա այս պահին տեղադրված էլեկտրոնային գնումների համակարգում։ Այս հարթակի միջոցով են կազմակերպվում բյուջեի փողերով իրականացվող գնումները՝ լինի նախարարության համակարգիչ թե մարզերում կատարվող ասֆալտապատում կամ պետպատվերի համար հիվանդանոցներին անհրաժեշտ դեղորայք։
Ծրագրի այսպես կոչված «պատվիրատուների» ցանկն առաջիկայում մեծանալու է․ պետական հիմնարկներին, հիմնադրամներին, ՏԻՄ-երին ու 50 տոկոսից ավելի պետական բաժնեմասով առևտրային կազմակերպություններին կավելանան պետական և համայնքային ոչ առևտրայինները, որ դպրոց-մանկապարտեզի գնումներն էլ էլեկտրոնային համակարգով արվեն։ Համակարգը, առհասարակ, ամբողջությամբ արդիականացվելու է՝ աշխատանքներն արդեն սկսված են, տեղեկացնում է ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության պատասխանատուն։
Սերգեյ Շահնազարյան (ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ) - Նպատակը բոլոր բիզնես գործընթացների ավտոմատացումն է, այսինքն՝ չունենալ մի գործընթաց, որը թղթային կամ անմիջական շփում կենթադրի պատվիրատու-մրցույթի մասնակից էս պրոցեսներում․․․ ամբողջությամբ էլեկտրոնային։
Փորձելու են կատարելագործել նաև դրամաշնորհների հատկացման ընթացակարգերը․ որոշակի խնդիրների լուծման համար հասարակական հատվածին օժանդակելու նոր մոդելը Ֆիննախը վերջերս քննարկել է ՀԿ-ների հետ։ Նախորդ շաբաթ էլ բիզնեսին ու հետաքրքրված բոլոր օղակներին դիմեց՝ ով ինչ առաջարկ ունի՝ թող ներկայացնի։ Պետգնումների համակարգի մշտական և բուռն քննադատությունների ֆոնին՝ շատ քիչ արձագանքող է եղել․ ընդամենը երկու փաթեթ են ստացել։
Դրանց մի մասը օրենքը, մյուսները՝ վիճակագրական վերլուծությունները լրացնելու վերաբերյալ են։ Ծրագիրն այժմ թույլ է տալիս շատ մանրամասներ ճշտել, օրինակ՝ տվյալ պահին ի՞նչ աճուրդ է գնում, ովքեր են հայտ ներկայացրել, գործարքի ավարտից հետո էլ՝ ընդունման-հանձնման ակտերը, ընդհուպ՝ Աբովյանի ծննդատունը գնած ռեգուլյար բենզինի դիմաց ո՞ւմ և որքա՞ն է վճարել, բայց ենթամոդուլներն ինտեգրելը խնդիր է, քանի որ բաղադրիչ կա՝ 2012 թվականից է ներդրված, կա որ 16-ին է ավելացվել։ Անհրաժեշտ է ամբողջը թարմացնել, որովհետև պետությունն այս համակարգով տարեկան 300 մլրդ-ի կարգի ծախս է կատարում։
էլեկտրոնային գնումների նոր համակարգին երկիրը կանցնի, ըստ Կառավարության ժամանակացույցի, ամենաուշը 2023-ի ավարտին։
Այն պետք է որ նվազեցնի գործառնական ծախսերն ու կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնի էֆեկտիվությունն ու ճկունությունը, ավելացնի թափանցիկությունը։