ՌԴ-Ն ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
Ուկրաինայում ազգայնական գումարտակների ոչնչացումը առաջնահերթություն է, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը։
«Ռազմական գործողությունը շարունակվում է, դրա նպատակները հայտնի են ու պետք է անկասկած կատարվեն»,- ընդգծել է Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է՝ այն տարածքներում, որտեղ, նրա խոսքով, ազգայնականները կրակ չեն բացում սոցիալական օբյեկտների վրա, այնտեղ խաղաղություն է հաստատվում։
Կրեմլի խոսնակn անդրադարձել է նաև Վլադիմիր Պուտինի՝ էներգառեսուրսների դիմաց ազգային արժույթով վճարումների անցնելու վերաբերյալ հանձնարարականին։ Պեսկովի խոսքով՝ դեռևս ճիշտ չի լինի բացի գազից այլ ապրանքների դեպքում նման գործընթացի մեկնարկի հստակ ժամկետներ նշել։
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ
Չինաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը համարում է ԱՊՀ-ում ռազմական անվտանգության առաջատար ուժ և պատրաստ է զարգացնել նրա հետ գործակցությունը, հայտարարել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չհանշուն։
«Կարծում ենք՝ ՀԱՊԿ-ը նշանակալի դեր է խաղում տարածաշրջանային կայունության և անվտանգության խթանման և ապահովման գործում»,- նշել է պաշտոնյան ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ առցանց հանդիպման ժամանակ։ Նա հավելել է նաև, որ Պեկինը պատրաստ է սերտորեն գործակցել Ռուսաստանի հետ՝ կարգավորելու ուկրաինական ճգնաժամը։
Մատվիենկոն, իր հերթին, ընդգծել է, որ Ռուսաստանը և Չինաստանը միջազգային հարթակներում պետք է հանդես գան դրական և միասնական օրակարգով։
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԻՐԵՆ ԱՄՆ ՄՐՑԱԿԻՑ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
Ամերիկյան իշխանությունները պետք է դադարեցնեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին կեղծ հայտարարություններով ռուս-չինական հարաբերությունները փչացնելու փորձերը, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Չժաո Լիցյանի խոսքով՝ Վաշինգտոնը կեղծ տեղեկություններ է տարածում՝ արատավորելով Չինաստանի անունը։
«Միացյալ Նահանգները պետք է վերանայի իր գործելակերպը։ Չինաստանն իրեն չի համարում Վաշինգտոնի մրցակիցը»,- զգուշացրել է պաշտոնյան:
Ավելի վաղ, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը հայտարարել էր, որ Պեկինը ԱՄՆ-ի ամենակարևոր մարտահրավերն է: Նրա խոսքով՝ Չինաստանում ուղիներ են փնտրում՝ բոլոր բնագավառներում առաջ անցնելու ԱՄՆ-ից։
ՌԴ-Ն ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻՆ ՈՒ ՇՎԵԴԻԱՅԻՆ
ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի՝ «բաց դռների» քաղաքականության մասով իր դիրքորոշումը չի փոխում ՝ չնայած Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ Ռուսաստանի հայտարարություններին, հայտնել է Նեդ Փրայսը։
Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը, անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր սրմանը, շեշտել է՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը նպաստում է Եվրոպայում կայունության հաստատմանը։ «Դաշինքը սպառնալիք չի դառնա, եթե ՆԱՏՕ-ի վրա չհարձակվեն»,- նշել է Նեդ Փրայսը:
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախազգուշացրել է՝ Ֆինլանդիան և Շվեդիան պետք է հասկանան, որ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը կազդի Ռուսաստանի հետ նրանց հարաբերությունների և եվրոպական անվտանգության վրա։
ԲԵՌԼԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԻՆԵԼ ԿԻԵՎԻՆ
Գերմանիան շարունակելու է զենքի մատակարարումներն Ուկրաինային` հայտարարել է Գերմանիայի փոխկանցլերը։
«Միևնույն ժամանակ, մենք պետք է փորձենք ինքներս չհայտնվել թիրախում»,- նշել է Ռոբերտ Հաբեքը։
Նա հայտնել է, որ Բեռլինի աջակցությունը չի ներառում ծանր տանկեր կամ կործանիչներ:
«Իհարկե, ռազմական էսկալացիան նշանակում է, որ մենք պետք է ավելացնենք մտակարարվող սպառազինության քանակն ու որակը: Բայց մենք այդ հարցը քննարկում ենք եվրոպացի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ»,- պարզաբանել է փոխկանցլերը։
ՎՐԱՍՏԱՆԸ ԿՍԿՍԻ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մոտ ժամանակում հրապարակել Եվրամիության հարցաշարը, որը թույլ կտա մեկնարկել կառույցին երկրի անդամակցության բանակցությունների վերաբերյալ քննարկումները։ Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին։
Վրացական ընդդիմությունը բազմիցս հանդես է եկել հարցաշարը հրապարակելու նախաձեռնությամբ, որպեսզի բնակիչները տեղեկանան՝ ինչ պատասխաններ է պատրաստել կառավարությունը։
Եվրամիության՝ Վրաստանին փոխանցված փաստաթուղթը պարունակում է 369 հարց, դրանք վերաբերում են երկրի քաղաքական և տնտեսական վիճակին, վրացական և եվրոպական օրենսդրությունների համապատասխանությանը։ Թբիլիսին մտադիր է պատասխանները Եվրամիությանը ներկայացնել մայիսին։