25 տարի ծառայությունում: Ոստիկանության գնդապետ Գնել Սիմոնյանը ծառայության ընթացքում ութ անգամ բարձր պարգևի է արժանացել: Այս անգամ պարգևատրվում է հասարակական կարգի գերազանց պահպանության մեդալով: Ծառայության այս տեսակն իր նրբություններով համեմատում է վիրաբույժի մասնագիտության հետ:
Գնել Սիմոնյան (ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ) - Հասարակական կարգի պահպանությունը ունի իր ուրույն նրբությունները, որոնք պետք է հաշվի առնել ծառայության ընթացքում և այդ ամեն ինչը անել կազմակերպված ձևով, որպեսզի քննարկումների, շահարկումների տեղիք չտա և անել օրենքի սահմաններում:
Տարիների ընթացքում, հասարակության փոփոխություններով պայմանավորված, ոստիկանությունը ևս ենթարկվել է տարատեսակ փոփոխությունների: Այժմ էլ լուրջ բարեփոխումների փուլ է:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Արդեն իսկ ստեղծվել է պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը, ինչպես նաև բուն ծառայությունը: Շատ շուտով՝ ամսի 16-ին, մեկնարկ կտրվի նաև Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության գործարկմանը:
Սա ոստիկանության բարեփոխումների երևացող մասն է միայն՝ նշում է Արա Ֆիդանյանը:
Այս օրերին պարգևատրվողներ ոստիկանությունում շատ են լինելու: Կառույցը վաղը կնշի կազմավորման 104-ամյակը: Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը, Ոստիկանության օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Ես համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք, որ իսկապես մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, անվտանգ ապրենք, որովհետև այն հյուրերը, ում հետ ես հանդիպում եմ, խոսում եմ, իրենք բոլորը գնահատում են Հայաստանի Հանրապետության անվտանգության մթնոլորտը քաղաքացիների:
Ոստիկանությունում վստահ են՝ կառույցն ունի և՛ գործիքակազմ, և՛ կամք՝ ինքնամաքրվելու, համակարգը արդիականացնելու և նոր բանիմաց կադրերով համալրելու համար: