Որ դատարանները բեռնաթափվեն և վիճելի հարցերը ավելի արագ լուծում ստանան, Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է վեճերի լուծման այլընտրանք ստեղծել՝ Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոն. աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Դավիթ Ղարիբյան («Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալի պաշտոնակատար) - Վեճերի լուծման լավ գործիք է ձեռնարկատերերի համար, բիզնես միջավայրի համար է լավ, նաև ներդրողների տեսանկյունից, քանի որ մտածում են՝ վեճ ծագի ուր դիմեն:
Հայաստանում հիմա էլ կան այդպիսի կենտրոններ, բայց ավելի քիչ հնարավորություններով: Հիմնականում առանձին ոլորտային վեճերի համար նախատեսված: Օրինակ՝ Բանկերի միությունն ունի իր արբիտրաժը, որտեղ միայն բանկերի հետ կապված վեճերով են դիմում:
Դավիթ Ղարիբյան - Էն կենտրոններն էլ, որ ընդհանուր բնույթի գործեր են քննում, հիմնականում կարողությունները չեն բավարարում միջազգային գործեր քննելու համար, երբ կողմերից մեկը կամ երկուսը Հայաստանի ռեզիդենտ չեն:
Արդարադատության նախարարությունը նախատեսում է, որ ստեղծվելիք կենտրոնը կլրացնի այդ բացը: Նշաձողը՝ տարածաշրջանում բարձր վարկանիշ ունենալն է: Ի դեպ՝ արբիտրաժները մասնավոր կառույցներ են:
Դավիթ Ղարիբյան - Ընդ որում՝ մեր կենտրոնն էլ նախատեսում ենք, որ պետք է մասնավոր լինի, ուղղակի սկզբի հատվածում պետությունը մեզ աջակցություն է ցուցաբերելու: Մենք ցանկանում ենք էնպիսի կենտրոն ստեղծել, որ թելադրող կենտրոն լինի, էնպիսի մասնագետներ ունենանք, որ մարդիկ փորձեն բերեն իրենց գործերը հենց այս կենտրոն:
Նախատեսվում է, որ կենտրոնը ունենա 2 պալատ, նաև դրսից հրավիրված մասնագետներ:
Փաստաթղթաշրջանառությունը կրճատելու համար վեճերի մուտքագրման առցանց տարբերակ էլ է գործելու: Ուսումնասիրել են Լոնդոնի, միջազգային առևտրային պալատի, Հոնկոնգի արբիտրաժային դատարանների փորձը:
Դավիթ Ղարիբյան - Ու նաև փորձում ենք համագործակցության եզրեր գտնել նրանց հետ, նույն Փարիզում գործող դատարանի հետ կոնտակտի դուրս ենք եկել:
Այս փուլում Արդարադատության նախարարությունը զուգահեռ իրականացնում է կարիքների գնահատման հարցում: Արբիտրաժով հետաքրքրվող բոլոր կողմերին հրավիրում են մինչև ապրիլի 30-ը մասնակցելու հարցմանը:
Իսկ կենտրոնը, որը Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, ինչպես նաև Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ է ստեղծվում, նախատեսվում է 2024 թ. արդեն հիմնել: Նախարարությունից նշում են՝ չի բացառվում, որ մեկնարկն ավելի վաղ լինի:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան