Տիկին Հեղինեն տարածքային պոլիկլինիկա այցելելով տեղեկացել է, որ Հայաստանում իրականացվում է անվճար թեստավորում՝ կորոնավիրուսի հակամարմինների նկատմամբ: Հոկտեմբերին քովիդով վարակվել է, հիմա հետաքրքիր է իմանալ՝ որքան հակամարմիններ ունի:
Հեղինե Հարությունյան - Մեկ անգամ վարակվել եմ, հիվանդանոց եմ պառկել: Մի 15 օր պառկել եմ, հետո դուրս եմ եկել:
Հակամարմինները որոշելու ծրագիրն առողջապահության նախարարությունն իրականացնում է Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության Ռուսաստանի դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզորի) հետ:
Գենադի Պալոզյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան) - Նպաստակը՝ իմանալ ազգաբնակչության շրջանում պոպուլյացիոն իմունիտեի մակարդակը, որը կարող է հետագայում նպաստել հակահամաճարակային տարբեր միջոցառումների մշակման որոշումների կայացմանը
Թեստավորման ժամկետը ապրիլի 12-15-ը ներառյալ է: Մեր երկրում պոպուլյացիոն իմունիտետը պարզելու համար հարկավոր է կատարել 7 հազար թեստավորում: Ծրագրում ընդգրկվել է 62 բուժհաստատություն:
Աննա Սիսոյան (Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրեն) - Պատրաստակամ են մարդիկ, երբ տեղեկացվում են: Միակ դժվարությունը այն է, որ ինքնուրույն դժվարանում են լրացնել էլեկտրոնային գրանցումը: Եվ մենք իրենց խրախուսում ենք, մենք ենք գրանցումները կատարում:
Այս պոլիկլինիկայի փորձով՝ հակամարմինների թեստավորմամբ ավելի շատ հետաքրքրվում են միջին տարիքի անձինք:
Աննա Սիսոյան - Անվան առաջին տառերով ենք գրանցումը անում, էլեկտրոնային, և փորձանոթների վրա նշվում է համարը, որպեսզի գաղտնիությունը պահպանվի:
Գենադի Պալոզյան - Բացարձակ տարբերություն չկա՝ անձը պատվաստված է, պատվաստված չէ, նախկինում հիվանդացել է, չի հիվանդացել, թե գուցե հիվանդացել է բայց դրա մասին տեղյակ չէ: Միակ պայմանը՝ նա պետք է լինի առողջ, այսինքն՝ ինքը տվյալ պահին չպետք է ունենա սուր շնչառական վարակի որևէ ախտանշան:
Անդրադառնալով մինչև այժմ հնչած պնդումներին, որ հակամարմինների թեստի արդյունքներով հնարավոր չէ որոշել քովիդի նկատմամբ խոցելիության կամ պաշտպանվածության մակարդակը, ՀՎԿԱԿ մասնագետը պարզաբանեց.
Գենադի Պալոզյան - Հակամարմինների որոշումն ունի երկու ասպեկտ: Մի կողմից՝ ինդիվիդուալ ասպեկտն է, և երկրորդը՝ պոպուլյացիոն ասպեկտը: Կախված նրանից, թե պոպուլյացիոն իմունիտետը ինչ մակարդակի է, անհատական ռիսկերը նույնպես գնահատվում են տարբեր կերպով:
Այսինքն՝ ըստ նրա, եթե բնակչության պոպուլյացիոն իմունիտետը բարձր է, ապա ցածր է հավանականությունը, որ անձը, ունենալով հակամարմինների բավարար մակարդակ, կհիվանդանա: Եվ հակառակը, անձի վարակվելու ռիսկը մեծանում է, եթե ցածր է պոպուլյացիոն իմունիտետը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան