Համաշխարհային բանկի տվյալով՝ Հայաստանը տարածաշրջանում անտառային ամենափոքր ծածկույթ ունեցող երկրներից է՝ ընդամենը 11,2 տոկոս: Հայաստանի անտառային տարածքների մի մասը դեգրադացվել է, մի մասը վերածվել խոտհարքների: Մինչդեռ անտառներն ունեն բնապահպանական, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ, հակաէրոզիոն նշանակություն: Անտառները, ընդհանուր առմամբ, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում են, բայց Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն թե՛ պետական բյուջեի միջոցներով, թե՛ միջազգային գործընկերների օգնությամբ աշխատում է ոչ միայն վնասված անտառների վերականգնման, այլև մյուս մարզերում անտառներ ունենալու ուղղությամբ: 2019-2021 թվականներին արդեն իսկ իրականացվել է շուրջ 5000 հա անտառապատման աշխատանք, 1400 հա-ը՝ պետական միջոցներով: Արդյունքը տարիներ է պահանջում:
Վլադիմիր Կիրակոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ) - Ծառ տնկելը չի համարվում, որ անտառը վերականգնվել է: Պահանջվում է մոտ 5 տարի խնամք, պաշտպանություն, պահպանություն, լրացում, և միայն 7 տարի հետո կարող է համարվել, որ ծառերն անտառ դառնալու ճանապարհին են, իսկ 15-20 տարի հետո մենք կհամարենք, որ արդեն ունենք անտառ:
Հայաստանի անտառների մտահոգիչ վիճակի հիմնական պատճառը 1990-ականների չհամակարգված հատումներն են եղել: Կան անտառներ, որոնք վերականգնվել են, օրինակ, Վանաձորի շրջակայքում: Բայց անտառպաթոլոգիական ուսումնասիրություններն արձանագրում են, որ այս պահին ունենք վնասատուներով և հիվանդություններով վարակված 11 հազար հա անտառածածկ տարածք՝ հիմնականում Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում: Պայքարի մի ձևը ավիացիոն-քիմիականն է, որն անտառային կոմիտեն նախորդ տարի կիիրառել է 5533 հա-ի վրա, բնապահպան մյուս գործիքը՝ ծառատունկն է.
Արուսյակ Սիրադեղյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի տեղակալ) - Բացի այդ բնական վերաճից՝ օժանդակում ենք կատարել հողի հանքայնացման տեսքով, այսինքն՝ հարթակներ են պատրաստվել հենց անտառում. սերմը՝ խաշամը, միանգամից հեռացվում է, մնում են հարթակները, որպեսզի սերմը ընկնելուց հետո կարողանա շուտ ծլել, այլ ոչ թե խաշամի տակ մնա՝ չծլի: Նույնիսկ այդ հարթակներում երևում է բնական վերաճը:
Ապօրինի ծառահատումները նույնպես մեծ վնաս են հասցնում անտառներին, չնայած, ըստ անտառային կոմիտեի՝ 2021-ի համեմատ այս տարի դրանք կրճատվել են 20-22 տոկոսով: Կոմիտեն դա բացատրում է ոստիկանության ուժեղացված ծառայությամբ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու կոմիտեի աշխատանքով: Վլադիմիր Կիրակոսյանն ասում է՝ ապօրինի ծառահատումները կանխվում են, սակայն զուգահեռ վառելափայտ են տրամադրում սահմանամերձ և սոցիալապես անապահով ընտանիքներին: Օրինակ՝ 2021 թվականին անվճար տրամադրվել է 74 հազար խորանարդ մետր թափուկ վառելափայտ, յուրաքանչյուր ընտանիքին՝ մինչև 8 խորանարդ մետր:
Ըստ կառավարության ստանձնած կարճաժամկետ և երկարաժամկետ պարտավորությունների, մինչև 2030 թվականը անտառածածկ տարածքը պետք է ավելանա շուրջ 50 հազար հա-ով, իսկ մինչև 2050 թվականը անտառները պետք է կազմեն Հայաստանի տարածքի 20,1 տոկոսը:
Հեղինակ՝ Էդուարդ Հովհաննիսյան