Կառավարությունը կսուբսիդավորի բնակարանների էներգաարդյունավետ նորոգման վարկերի տոկոսադրույքները: Գործադիրը հաստատեց պետական աջակցության ծրագիրը:
Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Վարկի սահմանաչափը կազմում է բազմաբնակարան շենքի բնակարանների համար ոչ ավելի, քան 7 մլն դրամ, անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամ: Ոչ ավելի, քան 14 տոկոս, առավելագույնը 7 տարի կամ 84 ամիս ժամկետով:
Սահմանամերձ համայքներում սուբսիդավորումը կիրականացվի այն չափով, որ վարկը տրամադրվի 0, ոչ սահմանամերձ գյուղերում՝ 2, քաղաքներում՝ 3, Երևանում՝ 5 տոկոսով: Հայաստանի 870 հազար բնակելի միավորի զգալի մասը չի նորոգվել, չեն կատարվել էներգաարդյունավետության միջոցառումներ: Ըստ Ղուլարյանի՝ քովիդով, պատերազմով, ռուս-ուկրաինական հակամարտությունից բխող սահմանափակումներով պայմանավորված՝ շինարարական շուկան վերադասավորվում է, և անհրաժեշտ է մասնագետների համար ստեղծել աշխատանքի կանխատեսելի դաշտ։ Վարչապետը հույս հայտնեց, որ բնակարանների ռենովացիան կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ակնկալվում է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ առումով քաղաքացիները հոսանքի և գազի համար պակաս վարձավճարներ կվճարեն, և այս ներդրումը իրեն կարդարացնի։ Մենք ակնկալում ենք նաև, որ այս վարկային ծրագրերով քաղաքացիներն իրենց բնակարանների չօգտագործվող մասը կարողանան վարձով տալ, նաև տուրիզմի բնագավառում առաջարկ ձևավորել։ Ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակներում մենք նաև պոտենցիալ աշխատատեղերով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին, եթե չկարողանան գնալ արտագնա աշխատանքի:
Վարչապետը նկատեց, որ Խորհրդային միության ժամանակներից՝ հատկապես մարզերում կառուցված բնակարանների մի հսկայական մասը չի օգտագործվում: Կտրուկ մեծացել է վարձով բնակարանների պահանջարկը, և աճել են գները։ Հայտնի հանգամանքների բերումով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնողների համար: Առաջին փուլով կտրվի տասը հազար վարկ, կգնահատվի հետագա ընթացքը՝ այն շարունակական դարձնելու համար։ Հայաստանի բնակֆոնդի մի հսկայական մասը մաշված է: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծրագրով էական ներդրում կարվի և՛ բնակարանների, և՛ տնտեսության, և՛ փոքր բիզնեսի, և՛ աղքատության հաղթահարման գործում:
Նիկոլ Փաշինյան - Կարևոր է, որ ճշգրիտ, մաքսիմալ բովանդակային իրականացնենք: Բազմաշերտ կողմեր ունի, խթանման քաղաքականություն ենք վարում, հույս ունենք, որ ակտիվություն կդրսևորեք: Սա ծրագիր է բոլորի համար: Կխնդրեմ բանկերի ուշադրությունը հրավիրեք Կառավարության շահագրգռության վրա, որ մարդկանց հետ աշխատելիս էս ուղղությունը առաջ մղեն:
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Ծրագրի լրամշակման ժամանակ կամրագրենք դրույթը, որ ոչ միայն բնակարան, այլ նաև բիզնես ծառայություն մատուցելու նպատակով կարող է օգտագործվել, բանկերի ուշադրությունը դրա վրա կհրավիրենք, կգնա վարկավորման նոր պրոդուկտ:
Համբարձում Մաթևոսյան (ՀՀ փոխվարչապետ) - Նախատեսված ժամկետը մինչև 20-ն է, բանկերը, կոմիտեն մասնակցություն կունենան, էներգախնայողության կոմպոնենտը կարևորագույններից է, նախատեսված է 20-30 տոկոս ծախսման տեսքով իրականացնել:
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Մաքսային արտոնություն կտրվի ներմուծվող էլեկտրամոբիլների համար: Որոշումը մեկ ամիս առաջ ԵՏՀ-ն է կայացրել՝ ամեն երկրին տալով որոշակի քվոտա։ Ֆիզիկական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում հունվարի մեկից հետո ներմուծված մեքենաների համար, ովքեր արդեն ներմուծել, մաքսազերծել են, պետությունը կվերադարձնի գումարը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Հայաստանը իր համար վերցրել է 7000 մեքենայի քվոտա՝ հաշվի առնելով այն, որ էապես ավելանում է ներմուծվող էլեկտրական շարժիչով մեքենաների քանակը: Այս որոշմամբ՝ բաշխում ենք 6400-ը, որովհետև ուզում ենք որոշակի ռեզերվ պահել լրիվ նոր մեքենաների համար, որոնք ներմուծվում են դիլերների կողմից, դա մի քիչ երկար պրոցես է:
Նիկոլ Փաշինյան - Դեռևս 2019-20 թվականին էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը ազատել ենք ավելացված արժեքի հարկից։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոմոբիլներ կարելի է ներկրել 32 տոկոս ավելի էժան գնով, քան սովորական ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաները։ Սա իսկապես շատ լավ հնարավորություն է, մանավանդ որ հաջորդ տարի 8000 մեքենա ենք ունենալու: Սա լավ առիթ է, որպեսզի ներդրումներ արվեն էլեկտրոմոբիլների լիցքավորման և սպասարկման ոլորտում, ինչը չափազանց կարևոր է:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՄԹԵՐՈՂՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
Կառավարությունը փոփոխություն է կատարել մթերողների վարկային սուբսիդավորման ծրագրում: Սահմանամերձ բնակավայրերի ընկերությունների համար կսուբսիդավորի 14, ոչ սահմանամերձ բնակավայրերում գործող ընկերությունների համար`10 տոկոս։ Պետությունը կերաշխավորի վարկի ընդհանուր գումարի մինչև 50 տոկոսը, որը թույլ կտա ընկերություններին ավելի մեծ ծավալով մթերել: Մշակվել են պայմանագրերի ժամկետներ ու օրինակելի ձևեր՝ մթերման ժամանակ խնդիրներից խուսափելու համար:
Վահան Քերոբյան - Ասում ենք այս որոշումով, որ սուբսիդավորելու ենք միայն այն վարկերը, որոնք կվերաբերեն բանջարաբոստանային և այլ կուլտուրաների համար մինչև հունիսի 1-ը կնքված պայմանագրերին ու խաղողի մթերման համար մինչև հուլիսի 1-ը կնքված պայմանագրերին։
Նիկոլ Փաշինյան - Մթերողները որոշակի մրցակցություն պետք է ցուցաբերեն, և էստեղ գյուղացին հնարավորություն ունի , եթե մի մթերող իրան առաջարկում ա իքս գնով, եթե ձեռնտու չէ գինը, կարող է փորձել այլ մթերողի հետ պայմանավորվել: Պայմանագիրը, երբ կնքված է, կանխատեսելի է, երբ, ում ինչքան պետք է մթերի, ինչքան ստանա: Կարևոր է, որ պետական երաշխիքի հատված ենք մտցնում:
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ՝ 750 ՄԼՆ ԴՐԱՄ
750 միլիոն 192 հազար դրամ կհատկացնի «Ֆակտորի Փրոդաքշնին» մայիսի 21-31-ը Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար։
Վահրամ Դումանյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Ակնկալվում է շուրջ 40 երկրից 400 անձի մասնակցություն՝ 280 մարզիկ և նրանց ուղեկցող անձնակազմ և պատվիրակներ։
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Ստեղծված է միջգերատեսչական հանձնաժողով: Բոլոր ուղղություններով որոշումները կայացված են, խնդիր չենք ունենա: Նախորդ հատկացումներով լայնածավալ նորոգման աշխատանքներ են տարվում:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ հայտ է ներկայացվել Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիային՝ հաջորդ տարի առաջնությունը Երևանում անցկացնելու համար: Վարչապետը կարևորեց Հայաստանում միջազգային մրցաշարերի անցկացումը, որը երկրի համար լրացուցիչ տնտեսական արդյունքի հնարավորություն է: