Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի որևէ լուծում, որի հետևանքով պետք է Արցախը հայաթափվի, չի կարող ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար: Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
Էդուարդ Աղաջանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Որևէ լուծում, որի արդյունքում արցախցիները համաձայն կլինեն շարունակել ապրել Արցախում, կարծում եմ՝ դա պետք է որ ընդունելի լինի բոլորի համար, առաջին հերթին՝ արցախցիների համար: Եթե պայմանը այն է, որ արցախցիների համար ընդունելի է, ենթադրվում է, որ հայաստանցիների համար ևս դա ընդունելի է: Խոսքն այնպիսի պայմանների մասին է, որի առկայության պայմաններում ենթադրվում է, որ արցախցիք չեն ուզենա լքել Արցախը:
Անդրադառնալով Արցախի Ազգային ժողովի հայտարարությանը, որով պատգամավորները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ, Աղաջանյանն ընդգծեց՝ Արցախում ճիշտ չեն հասկացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել՝ վստահեցրեց պատգամավորը:
Էդուարդ Աղաջանյան - Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախցիների, արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը: Հայաստանի Հանրապետության համար Արցախյան հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել և եղել է, ընդհակառակը, արցախցիների, արցախահայության, իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքի իրացման խնդիր: Հետևաբար մեզ համար, ըստ էության, կարգավիճակը մշտապես եղել է միջոց՝ ահա այս իրավունքներն իրացնելու համար: Այստեղ որևէ նորություն չկա, և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ մշտապես եղել է անփոփոխ:
«Քաղպայմանագրից» Վահագն Ալեքսանյանն էլ պատասխանեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անկախության վերաբերյալ ընդդիմության դիտարկումներին: Հիշեցրեց՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցած ոչ մի փաստաթղթում չի եղել «անկախություն» բառը:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - 2016 թվականին, այսինքն՝ վերջին փաստաթղթով, որը ներկայացվել է համանախագահների կողմից, այդ փաստաթուղթը որոշ փորձագետներ անվանում են Լավրովյան պլան, ռուսական կողմը դա համարում է համանախագահների առաջարկ,- անվանենք դա այդպես, որովհետև հենց այդպես էլ թղթի վերնագիրն է,- ընդհանրապես չկա «անկախություն» բառ: Եվ 2016 թ. հունվարին, երբ ներկայացվել է այդ առաջարկը Սերժ Սարգսյանին, իրենից ենթադրել է փուլային լուծում: Եվ, ինչպես մյուս բոլոր փուլային լուծումները, առաջին փուլում ենթադրվում էր լուծել առաջին պատերազմի հետևանքների հարցը, իսկ երկրորդ փուլում, որը պետք է ենթադրեր ԼՂ կարգավիճակի ճշգրտում, չկար ոչ մի հստակեցում:
Պատգամավորն արձագանքեց նաև Սարգսյանի հրապարակած բանակցային փաստաթղթին, որի վերնագրում նշված է «փաթեթային լուծում» եզրույթը:
Վահագն Ալեքսանյան - Այս թղթի վրա գրված է՝ այս թուղթը կարմիր է, արդյոք դրանից այս թուղթը դառնո՞ւմ է կարմիր: Երբ թղթի վերնագրի մեջ, չգիտեմ՝ Սերժ Սարգյսանն անձամբ է խնդրել, որպեսզի դրանով իսկ ցույց տա, որ ընդամենը վերնագրում գրված լինի այդ բառը՝ փաթեթային, բայց ամբողջ բովանդակությունն իր ամբողջության մեջ լինի բացառապես ու միայն փուլային, դա ոչինչ չի ենթադրում:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԺԱՄԱՆԱԿ Է ԽՆԴՐՈՒՄ
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը իրավիճակից ելքը շարունակում է տեսնել փողոցային պայքարով իշխանափոխության հասնելու միջոցով: Անդրանիկ Թևանյանն ընդունում է քննադատությունը. քանի դեռ գործընթացը չի մեկնարկել, ընդդիմությունն արդյունավետ չի գործում:
Անդրանիկ Թևանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Այո, մենք ունենք նաև արդյունավետ գործելու խնդիր: Մենք պետք է կազմակերպվենք ճիշտ, այնպես անենք, որ արդյունք ունենանք, և զուտ միայն հանրահավաքով չլինի: Իշխանափոխությունը պետք է անել մաքսիմալ այնպես, որ Հայաստանն ու Արցախը չվնասվեն:
Համակարծիք են նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունում: Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իրենք չեն հապաղում, հանրությունից ժամանակ են խնդրում իրենց քայլերի հաջորդականությունը ներկայացնելու համար:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Պարզապես մենք մեկ կրակոցի հնարավորություն ունենք: Մենք հնարավորություն չունենք չպատրաստված, միանշանակ գծված և մանրամասն պլանավորված գործողություններ անելու: Եվ, դրա պատճառով, մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ հստակ գործողությունները մշակելու և դրանք հանրությանը ներկայացնելու: Դա շատ փոքր ժամամնակամիջոցի հարց է:
Անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին՝ խմբակցության պատգամավորներն ընդգծեցին՝ հնարավոր բոլոր միջոցներով պատրաստ են լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտ կհամարեն արցախցիները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան