Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
«Բնական է, որ այս գործընթացի կարևորագույն շահառուն հենց Արցախի ժողովուրդն է»,- ասաց Աղաջանյանը:
Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանի համար Արցախյան հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել:
«Եղել է, ընդհակառակը, արցախահայության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքի իրացման խնդիր: Կարգավիճակը մշտապես եղել է միջոց ահա այս իրավունքները իրացնելու համար: Հայաստանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ մշտապես եղել է անփոփոխ»,- ասաց Աղաջանյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»:
«Խոսքը գնում է այն նշաձողի մասին, որի արդյունքում կապահովվի Հայաստանի շուրջ միջազգային հանրության այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում առնվազն հայանպաստ լուծումը կդառնա առավել հավանական: Ունենք 30 տարվա բանակցային փորձ, որի ընթացքում մենք ունեցել ենք որոշակի նշաձող, այդ թվում, պայմանավորված դրանով, Հայաստանը 30 տարիների ընթացքում եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ և պայմաններում, որի հետևանքները տեսնում ենք, նաև տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո»,- ասաց Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ ժամանակն է հետևություններ անել սխալներից և շարժվել իրատեսական նկատառումներով:
«Այդ իրատեսական շարժառիթներով ու նկատառումներով է պայմանավորված, որ ՀՀ-ն և ՀՀ-ի իշխանությունները կարևոր են համարում միջազգային հանրության հետ նույն մակարդակի և գծի վրա լինելն այս հարցում: Սա չափազանց կարևոր պայման է, որ կոնֆլիկտը լուծվի առավել հայանպաստ ձևով»,- ասաց Աղաջանյանը:
Աղաջանյանի խոսքով՝ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի արցախահայության համար:
«Որևէ լուծում, որի արդյունքում արցախցիները համաձայն կլինեն շարունակել ապրել Արցախում, կարծում եմ, որ պետք է ընդունելի լինի բոլորի համար, առաջին հերթին՝ արցախցիների համար: Խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, որով կապահովվեն արցախահայության բոլոր իրավունքները, որի առկայության պայմաններում, ենթադրվում է, որ արցախցիները չեն ցանկանա լքել Արցախը:
Հակառակ պարագայում այն լուծումը, որ կառաջարկվի, բնականաբար չի լինի ՀՀ-ի շահերին համապատասխան: Որևէ լուծում, որ Արցախը պիտի հայաթափվի, չի կարող ընդունելի լինել ՀՀ-ի համար»,- ասաց Աղաջանյանը: