Բունդեսթագի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը՝ Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, հանդես է եկել Ուկրաինային զենքի լայնածավալ մատակարարումների օգտին՝ գրում է ТАСС-ը։
Քաղաքական գործիչը մտահոգություն է հայտնել, որ եթե ռուսական բանակը հաջողության հասնի Ուկրաինայում, զինված հակամարտությունները կարող են նոր ուժգնությամբ բռնկվել Մոլդովայում, Վրաստանում և Արևմտյան Բալկանների երկրներում։
Երկուշաբթի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկն ընդգծել է, որ Կիևին ծանր սպառազինություն է անհրաժեշտ, և հիմա այս հարցում համաձայնության գալու ժամանակը չէ:
Փետրվարի 26-ին Գերմանիայի կառավարությունը հավանություն տվեց Ուկրաինա զենքի մատակարարմանը։ Բեռլինը որոշում կայացրեց Կիևի իշխանություններին ուղարկել 1000 հակատանկային զենք և հակաօդային պաշտպանության 500 Stinger համակարգ: Նույն օրն ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ Գերմանիան թույլատրել է Նիդերլանդներին ու Էստոնիային՝ Ուկրաինա ուղարկել գերմանական արտադրության հին զինատեսակներ։ Մարտի 14-ին Գերմանիայի իշխանությունները հայտարարեցին, որ լրացուցիչ ռիսկերից խուսափելու համար որոշել են այլևս տեղեկություններ չտրամադրել Ուկրաինային զենքի մատակարարումների մասին։