Մենք Հայաստանում առողջապահական համակարգի զարգացման առումով տարեցտարի գրանցում ենք բարելավում և առաջընթաց. դա կարող եմ ասել հիմնական ցուցանիշների առումով: Թե՛ մանկական, մայրական մահացության, թե՛ կյանքի սպասվելիք միջին տևողության առումով Հայաստանը տարածաշրջանում գրավում է բավական լավ դիրքեր: Այդ մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ մենք զիջում ենք մեր հարևաններին այն առումով, թե ինչ ֆինանսական միջոցներ են ուղղվում պետության կողմից առողջական խնդիրների լուծման նպատակով:
«Հայաստանում առողջապահական բյուջեն կազմում է մեր ՀՆԱ-ի 1,5 տոկոսը, որը բավականին ցածր ցուցանիշ է: Մենք աշխատում ենք առողջապահական բյուջեի բարելավման առումով՝ տարեցտարի ավելացնելով այդ բյուջետային միջոցները: Չորս տարիների ընթացքում մեր բյուջեն 81 մլրդ դրամից հասել է 114 մլրդ դրամի, որը, կարող ենք ասել, շեշտակի մեծացում է, բայց, իհարկե, այն նախընտրելի չափը չէ, որը կնպաստի նաև մեր երկրին համաշխարհային ինդեքսներում ավելի բարենպաստ ցուցանիշներով ներառվելուն»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ առաջիկայում համապարփակ ապահովագրության ռեֆորմը, որը տեղ է գտել Կառավարության ծրագրում, պետք է նպաստի՝ համակարգի զարգացումը հանգեցնի ավելի լավ դիրքերի:
Անդրադառնալով կորոնավիրոսային սահմանափակումների վերացման հնարավորությանը՝ նախարարն ասաց, որ այս պահին ունենք համաճարակային առումով շատ բարենպաստ իրավիճակ, այդուհանդերձ, ռեստորաններում, ժամանցի վայրերում, աշխատանքի վայրերում QR կոդերի պահանջի կանոնակարգն առաջիկայում մնալու է: