Համացանցը սահմաններ, պետություն չի ճանաչում ու դարձել է նաև հանցագործությունների ժամանակակից գործիք՝ ասում է ՔԿ թրամիջոցների դեմ պայքարի պատասխանատուն ու նշում՝ այսօր թմրամիջոցների այնպիսի տեսակներ կարող են հայտնվել սև շուկայում, որոնք դեռ երեկ չկային, ավելին՝ դրանք հայտնվում են ուսումնական հաստատություններում, ժամանցային հանրային վայրերում, բանտախցերում:
Հովհաննես Համբարյան (ՔԿ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ) - Հիմնական թիրախը հանդիսանում են դեռահասները, երիտասարդները: Անձը կարող է տնից դուրս չգալով՝ գործողությունը անել կամ ցանկացած վայրից ու առանց թմրավաճառի դեմքը տեսնելու այն ձեռք բերել:
Հայաստանում 2016-ից տարածում է ստացել համացանցի միջոցով թմրամիջոցների իրացումը: Օգտագործվում են հիմնականում Տելեգրամ հավելվածը և DARKNET ցանցում գործող HYDRA հարթակը: Եվ եթե 2016-ին միջինում 100 անձ է օրական գնում կատարել, 2019-ին այն հատել է 20 հազարի շեմը:
Հովհաննես Համբարյան - Եթե նախկինում սահմանահատումների միջոցով էին թմրամիջոց ներկրում, այսօր ներկրում են առաքանիների միջոցով, կամ հումքը ներկրվում է ու տեղում դառնում թմրամիջոց, ինչից հետո պատրաստող անձը, կառավարելով հարթակները, աշխատակիցներին հրահանգում է տեղադրել տարբեր վայրերում ու գումարի դիմաց տալիս է պատվիրատուին:
Այս տարվա ապրիլին 6-ին Գերմանիայի իրավասու մարմինները տարածեցին հայտարարություն, որ իրենց հաջողվել է առգրավել HYDRA համակարգի ֆիզիակական սերվերը ու այն դադարել է գործել, փակման պահին պարզվել է, որ 2020-ին HYDRA ի միջոցով 1 մլրդ 250 մլն դոլարի շրջանառություն է կատարվել, ու համակարգում 17 միլիոն անձ զբաղվել է թմրամիջոցների վաճառքով: 2019-ի վերջում միայն HYDRA հարթակի ԱՊՀ տարածաշրջանային սեգմենտում գրանցված է եղել 3444 խանութ հարթակ:
Այն ծառայություններ էր մատուցում 1114 քաղաքում, որոնց թվում՝ Հայաստանի 5 քաղաք:
Հովհաննես Համբարյան - Հիդրայի հիմնական իմաստը մեծաքանակ թմրամիջոցների ներկրումն է և այս 5 քաղաքները (չշփոթել Տելեգրամի հետ) իրականացրել է մատակարարում:
Քննչական կոմիտեում քննվող քրեական գործերի նախաքննությամբ հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արժեքը կազմել է շուրջ 250 մլն դրամ, իսկ էլեկտրոնային դրամապանակներով և տարբեր հաշիվներով շրջանառվել է ավելի քան 700 մլն դրամ:
Հովհաննես Համբարյան - Բացի դրանից՝ հայտնաբերվել են նաև Երևանում բնակարաններ, որոնք հարմարեցված են եղել թմրամիջոցների աճեցման համար: Հայտնաբերվել է նաև 1 բնակարան, որը հարմարեցված է եղել մեֆեդրոնի աճեցման համար:
Քննչական կոմիտեն բացահայտել է 6 կազմակերպված խումբ, որպես մեղադրյալ ներգրավված է 30-ից ավելի անձ, այդ թվում՝ կանայք, 16-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 2-ը հետախուզման մեջ են: Հովհաննես Համբարյանը նշում է՝ իրենց հիմնական նպատակն է, որ հասարակությունն իրազեկված լինի ու կասկածելի դեպքերում անմիջապես ահազանգի: Իսկ հանցագործության մեխանիզմն ամբողջ աշխարհում նույնն է: Ուշագրավն այն է, որ հանցագործության տարբեր օղակների ծառայողները աշխատանքի ընթացքում միմյանց հետ չեն շփվում, սակայն ամբողջ գործընթացի ժամանակ տեսա- և լուսանկարահանման միջոցով միմյանց հաշվետու են լինում: