Քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության հիմնախնդիրները քննարկվեցին արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Քրեական ենթամշակույթ, պրոբացիայի, քրեակատարողական հիմնարկների միասնական գործիքակազմ և վաղաժամկետ ազատ արձակում՝ այս խնդիրներն առանձնացրեց Արտակ Կիրակոսյանը: Ըստ նրա՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն օր առաջ պետք է փակվի: Հիմնարկի փակումը կա նաև Կառավարության ծրագրում:
Արտակ Կիրակոսյան («Քաղաքացիական հասարակություն ինստիտուտի» տնօրեն) - Խնդիրն այն է՝ արդյոք մենք պե՞տք է սպասենք՝ նոր քրեակատարողական հիմնարկ կառուցվի, բայց պետք է անհապաղ փակվի, որովհետև եթե ուզում ենք որակյալ քրեակատարողական հիմնարկ սարքել, դա երևի 7-10 տարի կտևի:
Քրեական ենթամշակույթի դեմ էլ պետությունը կարող է պայքարել՝ զուտ տեխնիկական խնդիրներ կարգավորելով՝ վստահ է Կիրակոսյանը:
Արտակ Կիրակոսյան - Պետք է առանձնացնել էդ մշակույթ կրողներին հետնորդներից՝ այն մարդկանցից, ովքեր ստիպված են հարմարվում դրանց, ու դրա համար պետք է առանձին ավելի խիստ ռեժիմ լինի այն մարդկանց համար, որոնք կրողներն են այդ մշակույթի:
Քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ կան նաև քրեակատարողականի աշխատակիցներ, որոնք քրեական ենթամշակույթի կրողներ են: Ըստ Արշակ Գասպարյանի՝ մի շարք երկրներում բանտերը սոցիալական ծառայությունների ենթակայության ներքո են: Քրեակատարողական հիմնարկով պետությունը ծառայություն է մատուցում իր քաղաքացուն, և այդ ծառայության անունը սոցիալական անվտանգություն է:
Արշակ Գասպարյան («Սոցիալական արդարություն» ՀԿ տնօրեն) - Հիմնարկի ներսում հիմնարկի ողջ փիլիսոփայությունը նա է, որ այնտեղ մուտք գործած մարդն այնտեղից հետ գա հասարակություն ավելի լավ, քան կար մինչև բանտ մտնելը, ավելի արդյունավետ, ավելի պրոսոցիալական, քան պրոկրիմինալ:
Բանտային պայմաններից մինչև բանտարկյալների կրթության խնդիրներ քննարկվեցին համաժողովում: Արդարադատության փոխնախարարն էլ ներկայացրեց քառամյա ռազմավարության 2021 թվականի համար նախատեսված 23 միջոցառման կատարողականը: Նա փաստեց, որ արդեն իսկ բարելավվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պայմանները, հատուկ մասնագիտական խումբը մոդել է մշակել, թե ինչպիսի բանտեր պետք է լինեն Հայաստանում:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Այս տեսանկյունից խումբն արդեն իսկ ձևավորված է, ունեցել ենք նաև գերմանացի փորձագետի ներգրավում, որը կիսվել է իր փորձով, տարբեր մոդելներ է առաջարկել: Քրեակատարողական հիմնարկի տեսանկյունից բավականին դինամիկա ունենք, արդեն որոշակի մակետային ձևով:
Ռազմավարությամբ նախատեսված է եղել փակել 3 քրեակատարողական հիմնարկ, բայց ուսումնասիրություններն այլ բան են ցույց տվել:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Կարելի է Երևանի մակարդակով ունենալ ընդհուպ բոլոր քրեակատարողական հիմնարկների փակում, փոխարենն ունենալ մեկ քրեակատարողական հիմնարկ, նախատեսել ենք փակել Նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:
Ըստ արդարադատության փոխնախարարի՝ Երևանում կգործի մեկ միասնական քրեակատարողական հիմնարկ: Նախնական հաշվարկվել է, որ այն պետք է ունենա 1200 աշխատակից, բայց չի բացառվում, որ թիվը կրճատվի:
Հեղինակ՝ Անի Օհանյան