ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից կարևորեց ժողովրդի հետ ուղիղ խոսելու իշխանության պատրաստակամությունը:
«Պետական, քաղաքական գործիչն այդ առաքելությունը պետք է ունենա, որ ճշմարտությունն ասի իր ժողովրդին: Այդ համարձակությունը պետք է ունենա ասելու, որ սա է մեր միակ ճանապարհը:
Լավ գիտեք հայտնի 1997 թվականի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքները, որից հետո Հայաստանը շեղվեց և գնաց այլ ճանապարհով՝ հասարակությանը շեղել, խեղաթյուրել, ազգային տարբեր բառեր օգտագործել, դրոշակներ վառել, չգիտեմ ինչ կարգի կենացներ խմել, բայց դրանով ո՛չ բանակ կարողացանք կառուցել, ո՛չ առողջապահությունը զարգացնել: Այսօր ՀՀ-ում այդ տարիների մսխած գումարների պատճառով կրթական համակարգը շատ ցածր մակարդակում է»,- ասաց Սուքիասյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև հարևան երկրների հետ հարաբերություններին ու նշեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ պետք է ապահովել առևտրաշրջանառությունը:
«Պետք է ամեն ինչ անենք, որ հարևանների հետ ունենանք այն հարաբերությունները, որով ապագայում ապահովելու ենք ՀՀ հասարակության բարեկեցությունը»,- ասաց Սուքիասյանը: