ՀՀ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։ Թուրքիայի արտգործնախարարը չի հստակեցրել, սակայն, հանդիպման հնարավոր ամսաթիվը: Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների բանակցությունները նախընտրելի է անցկացնել Հայաստանում կամ Թուրքիայում, և ոչ` երրորդ երկրում:
ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ
Ուկրաինան և Ռուսաստանը չորրորդ անգամ ռազմագերիներ են փոխանակել, հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը: Ուկրաինական կողմին է վերադարձվել 30 քաղաքացի, որից 5-ը` սպա, 17-ը` շարքային կազմի զինծառայող, 8-ը` քաղաքացիական անձ։ Ռուսական կողմը գերիների փոխանակման հետ կապված տվյալներ դեռևս չի հրապարակել:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ. ՍԱԼԻՎԱՆ
Ուկրաինայում ռազմական գործողությունները, հավանաբար, կձգձգվեն և կտևեն ամիսներ և նույնիսկ ավելի երկար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Խոսելով այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ն կչեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, եթե վերջինս դիվանագիտական համաձայնության գա Ուկրաինայի հետ, Սալիվանը նշել է, որ «դա կանխորոշված չէ»։
«Դա կախված է դիվանագիտական համաձայնության ձևից և ծավալից, ինչպես նաև նրանից, թե ինչ համաձայնության կգան ուկրաինացիները մեր և եվրոպացիների հետ խորհրդակցությունների արդյունքում»,- ասել է Սալիվանը, նաև հավելել, որ չնայած նրան, որ ԱՄՆ-ն ակտիվ չի մասնակցում բանակցություններին` ուկրաինացի պաշտոնյաները մշտապես ԱՄՆ-ի հետ քննարկում են բանակցությունների ընթացքը։
ՌԴ-Ն ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԱԾ ԳԱԶԸ ԿՓՈԽԱԴՐԻ ԱՐԵՎԵԼՔ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանն արդյունահանած գազը կփոխադրի Արևելք, քանի որ եվրոպական երկրները ցանկանում են նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը կառավարության նիստում: Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական էներգակիրներից հրաժարվելու եվրոպական երկրների պնդումները հանգեցնում են գնաճի և ապակայունացնում են շուկան:
«Արևմտյան երկրները փորձում են ռուսական էներգակիրները փոխարինել այլընտրանքային մատակարարումներով, ինչն անխուսափելիորեն կազդի համաշխարհային տնտեսության վրա, հետևանքները կարող են ցավոտ լինել նախևառաջ այդ քաղաքականության հեղինակների համար»,- ասել է Պուտինը:
Նրա պնդմամբ` այս պայմաններում Ռուսաստանը կսկսի էներգակիրների փոխադրման հոսքը փոխել դեպի Արևելք: Պուտինը հայտարարել է նաև, որ «ոչ բարեկամական երկրները» սկսել են ուշացնել վճարումները, և հիշեցրել է կառավարության անդամներին, որ հանձնարարել է ապահովել վճարումներն ազգային արժույթով՝ ռուբլով ստանալու մեխանիզմը և աստիճանաբար նվազեցնել եվրոյի կամ դոլարի կիրառումը:
ՇՎԵԴԻԱՅԻ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՄՈՒՏՔԸ ՆԱՏՕ ԿՎԱՏԹԱՐԱՑՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք լրջորեն կվատթարացնի իրավիճակը ռազմական ոլորտում և կհանգեցնի ամենաանցանկալի հետևանքների՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը: Ալեքսանդր Գրուշկոն նշել է, որ Ռուսաստանը դիվանագիտական կապեր է պահպանում Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ, բայց կձեռնարկի անհրաժեշտ պաշտպանական միջոցներ, երբ Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին։
«Մենք Ֆինլանդիայի հետ ունենք սահման՝ 1300 կմ: Սա կնշանակի ռազմաքաղաքական իրավիճակի արմատական փոփոխություն, և պարզ է, որ մենք ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու մեր անվտանգությունն ու պաշտպանությունը»,- նշել է դիվանագետը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Բալթյան տարածաշրջանում միջուկային զենք տեղակայելու հնարավորության մասին հարցին։